211652_close_icon

«Առաջարկ Հայաստանին»-ը վերկուսակցական ծրագիր է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու է իր, իր ընտանիքի և իր պետության ամենասուր և արդիական խնդիրների ձևակերպումը և լուծման տարբերակները. Ծառուկյան

views-count316 դիտում article-date 11:17 23-09-2025
Դեռևս մայիս ամսին իմ հարցազրույցում հայտնել էի, որ նախաձեռնում եմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակումը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը:

«Սա վերկուսակցական ծրագիր է։ Մի ծրագիր է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու է իր, իր ընտանիքի և իր պետության ամենասուր և արդիական խնդիրների ձևակերպումը և լուծման տարբերակները։ Այդ ծրագիրը պետք է ձևավորվի ոլորտային մասնագետների, հեղինակություն վայելող գիտնականների, հասարակական գործիչների, առաջարկ, միտք, գաղափար ունեցող սրտացավ մարդկանց համատեղ ուժերով։ Այն կազմվելու է քաղաքացիների ուղիղ մասնակցությամբ, Հայաստանի և սփյուռքի լավագույն մասնագետների մասնակցությամբ։

Մշակման ընթացքում ծրագիրն անընդհատ դրվելու է հանրային քննարկման, մշտապես հաշվի են առնելու քաղաքացիների և մասնագետների առաջարկները։ Սա լինելու է հանրային, բաց գործընթաց։

Ես, որպես նախաձեռնության հեղինակ, առաջարկում եմ ծրագրի աշխատանքները սկսել այս փոքր նախաբանով: Հայաստանին պետք է.

1. Ներքին հաշտեցում, հանրային երկխոսություն, թշնամանքի վերացում, հայկական աշխարհի միասնականության վերականգնում։
2. Մի շարք վիճահարույց օրենքների և որոշումների կասեցում, սառեցում, վերանայում՝ օրենքներ, որոնք վնասում են երկրին, թունավորում հարյուր հազարավոր մարդկանց կյանքը։
3. Գրագետ-խաղաղ բանակցություններ, միակողմանի զիջումների բացառում, իրական խաղաղության ծրագիր, պատերազմի ռիսկի չեզոքացում, դաշնակցային հարաբերությունների վերականգնում, իրական անվտանգային համակարգի ստեղծում, նոր խոշոր տնտեսական ծրագրերի իրականացում։

Հնարավո՞ր է այս պարզ կետերի շուրջ ապահովել լայն հանրային համախմբում։ Միանշանակ՝ այո»,- գրել է Ծառուկյանը:

Նմանատիպ նյութեր