211652_close_icon

Բագրատ Սրբազանի և մյուսների «ռեպրեսիաների» գործով ապացույցները ձեւախեղելու համար որևէ քննիչ կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել. Այդպիսով հաստատում են քաղաքական որոշումը

views-count481 դիտում article-date 20:50 20-09-2025
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների դեմ «ռեպրեսիաների» գործով որևէ քննիչի նկատմամբ ծառայողական քննություն չի իրականացվել՝ հանրությանը խիստ աղավաղված տեղեկություններով, այդ թվում՝ ձայնագրություններով մոլորեցնելու համար։ 
 
Ինչպես տեղեկացրել էր «Փաստինֆո»-ն՝ Բագրատ Սրբազանի և մյուսների դեմ հարուցված ռեպրեսիաների գործով ՔԿ-ն ձայնագրություններ է հրապարակել՝ հանրությանը հրամցնելով տեղեկություններ՝ բողոքի ակցիաների մասին գնահատականները կամ թմրավաճառներին իբրև մահապատժի ենթարկելու մասին քննարկումները ներկայացնելով իբրև ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացում, մինչդեռ, ձայնագրությունների խիստ մոնտաժված լինելը փաստվել է անգամ քրեական գործի նյութերով, որոնք մաս-մաս անգամ հրապարակել են պաշտպանները՝ հայտնելով, որ, օրինակ, «գյուլլելու» դրվագը վերաբերել է թմրավաճառների նկատմամբ մահապատիժ սահմանելուն։ Ավելին, կեղծ տվյալներ հրապարակելու հիմքով դատարանում քննվող գործի շրջանակներում պաշտպանները բարձրաձայնել էին նաև դատախազների բացարկման ենթակա լինելու հանգամանքը։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՔԿ՝ պարզելու, թե արդյո՞ք որևէ քննիչի նկատմամբ ծառայողական քննություն իրականացվել է՝   կեղծ տվյալներ հանրայնացնելու համար։ Կառույցից գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձևավորված քննչական խմբում ընդգրկված որևէ քննիչի նկատմամբ ծառայողական քննություն՝ նախնական ուսումնասիրություն կամ կարգապահական վարույթ չի իրականացվել։
 
Հիշեցնենք՝ հունիսի 20-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր հանդիպման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ոստիկանության ներքին զորքերը գրավել էին մայրաքաղաքը, և մոտ 80 քաղաքացի բերման էր ենթարկվել։ ՔԿ-ն հայտարարել էր, որ նրանք չեն ներկայացվել նախաքննական մարմին, և որևէ վարույթ այդ պահին չէր քննվում։ Հունիսի 24-ին իշխանամերձ լրատվամիջոցներով տարածվեց «հեղաշրջման պլանի» մասին նյութ, որի տարածմանը անմիջականորեն մասնակցեցին Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Դրանից հետո ՔԿ-ն հայտարարեց, որ այն դառնում է քննության առարկա, և հունիսի 25-ին առավոտյան սկսվեցին ընդդիմադիրների տների խուզարկությունները՝ հաջորդած ձերբակալություններով և կալանավորումներով։

Իշխանությունների հորինած գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի՝ ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։ Այսպես կոչված «ռեպրեսիաների» գործով կալանավորվել է 18 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար, Սրբազան պայքարի մասնակից Լիդիա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Կարո Օկոմուշյանը, Տիգրան Թոփալյանը, գործարար Տիգրան Գալստյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը, ակտիվիստ Արսեն Ղազարյանը։ Ավելի ուշ նույն գործով կալանավորվեց նաև Արթուր Սարգսյանը։ Հետագայում  Հրայր սարկավագի ու Աղվան Արշակյանի խափանման միջոցները փոխվել են։ 

Նմանատիպ նյութեր