211652_close_icon

ՀՀ անկախության տոնին նախատեսվում են մի շարք միջոցառումներ

views-count1906 դիտում article-date 18:34 18-09-2025
ՀՀ անկախության տոնին ԿԳՄՍՆ ենթակայության տարբեր մշակութային հաստատություններում նախատեսվում են մի շարք միջոցառումներ:

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով աննախադեպ միջազգային ցուցահանդեսը։ Այս բացառիկ ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կցուցադրվեն Լուվրի թանգարանի հավաքածուներից 16 ուշագրավ ցուցանմուշներ, որոնք կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանի երկու տասնյակից ավելի արժեքավոր թանգարանային առարկաների հետ։ Առանձնակի է ներկայացվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանը։ Ցուցահանդեսը կգործի վեց ամիս՝ մինչև 2026 թվականի մարտ ամիսը:

ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ սեպտեմբերի 21-ին Արմավիր քաղաքում կայանալու է «Ֆեստիվառ» փառատոնը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

Անկախության տոնին ընդառաջ՝ միջոցառումներ են նախատեսված նաև տոնի նախընթաց օրերին. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի դահլիճում իրականացվելու է «Էս գիշեր, աշնան գիշեր» խորագրով համերգ:

Սեպտեմբերի 19-ին և 20-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից ևս իրականացվելու են համերգներ՝ նվիրված ՀՀ անկախությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր