211652_close_icon

«Բացարձակապես աբսուրդ է, ապօրինի, շինծու է մեղադրանքը»․ Միքայել Աջապահյանը եզրափակիչ ելույթ ունեցավ դատարանում․Hetq

views-count604 դիտում article-date 21:34 15-09-2025
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Ավան նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 15-ին, շարունակվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Արմինե Մելիքսեթյանն էր։

Այս գործով արդեն ավարտվել են հիմնական դատալսումները, ավարտին են մոտենում արդեն եզրափակիչ ելույթները, մինչդեռ դատարանը գործի քննությունը սկսել էր օգոստոսի 15-ին՝ 1 ամիս առաջ։ Գործի քննության սկզբում գրեթե ամեն օր դատական նիստ էր նշանակվում, քննությունը հաճախ ձգվում էր աշխատանքային ժամից հետո։

Ըստ մեղադրանքի՝ Միքայել Աջապահյանը, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և լինելով Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով ԶԼՄ-ները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

Նիստի սկզբում Աջապահյանի պաշտպաններից Արա Զոհրաբյանը ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին։

Նմանատիպ միջնորդություն փաստաբանը ներկայացրել էր նաև նախորդ նսիտին, սակայն դատավորը մերժել էր այն։ 

Ըստ Զոհրաբյանի՝ նախորդ նիստում դատավորը կայացրել է որոշում միայն Աջապահյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին, սակայն առանձին փաստաթղթի ձևով շարադրված որոշման մեջ իր կողմից կեղծ տեղեկություն է մտցրել՝ ավելացնելով Աջապահյանի իրավունքների լրացուցիչ սահմանափակում։ «Դատավորը սահմանափակել է Սրբազանի հաղորդակցության իրավունքը ԶԼՄ-ների հետ, այնինչ նման որոշում չի կայացվել և չի հրապարակվել դատարանի կողմից»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ դատախազի կողմից էլ նման միջնորդություն չի ներկայացվել։ 

Արա Զոհրաբյանը նշեց, որ դատավորի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար հաղորդում ներկայացնելու հարցը քննարկվում է պաշտպանների կողմից։ «Սակայն իրականության այս աղավաղումը վկայում է դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմնակալ վերաբերմունքի մասին»,- նշեց Արա Զոհրաբյանը։ 

Դատարանը մերժեց Զոհրաբյանի միջնորդությունը՝ պատճառաբենելով, որ դատավորի որոշման օրինականության հարցը կարող է բողոքարկվել վերադաս ատյանում, այլ ոչ թե նույն դատավորի մոտ։

«Մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվության առջև են կանգնելու»․ Արա Զոհրաբյանի եզրափակիչ ելույթը
Այնուհետև պաշտպան Արա Զոհրաբյանը եզրափակիչ ելույթ ունեցավ։ Իր խոսքում նա անդրադարձավ Աջապահյանին վերագրվող արարքի քրեական հակաիրավականությանը։ Զոհրաբյանի խոսքով՝ հանրային իշխանության մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են հանդուրժել իրենց հասցեին արված ավելի սուր քննադատություն, քան այն, որ թույլատրելի է մասնավոր անձանց հասցեին։ 

Նա նշեց, թե կոչը ինչ չափորոշիչներ ունի՝ պնդելով, որ Աջապահյանի խոսքերը կոչ չեն եղել։ Ըստ այդմ՝ կոչը պետք է լինի գործողություն պլանավորելու, նախապատրաստելու կամ իրականացնելու նպատակով այլ անձանց մասնակից դարձնելու դիմում կամ հրավեր, կերչերի նպատակն է նաև համախմբել մարդկանց, ուղղության տալ նրանց բռնի գործողությունների, և երրորդ՝ կոչը պետք է լինի բացահայտ և ընկալելի՝ ուղղված մարդկանց լայն շրջանակներին՝ նրանց դրդելով բռնության կիրառման։

Այս չափորոշիչների լույսի ներքո Զոհրաբյանը վերլուծեց Աջապահյանին ուղղված մեղադրանքը։ «Աջապահյանի խոսքը տարիների վաղեմության, 44-օրյա պատերազմի ժամանակ զրույցների մասին է, որը հիշում է Սրբազանն իր հարցազրույցում»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ «հարցազրույց» ձևակերպումը պայմանական է տալիս, քանի որ դա պարզապես քննարկում է եղել, որը լուսաբանել է հեռուստաընկերությունը։ 

Պաշտպանն ասում է, որ այդ քննարկման ընթացքում Աջապահյանն իր խոսքում անձանց չի դիմել, հրավիրել, և խոսքը անձանց լայն շրջանակին չի առնչվում։ «Որպես այդպիսին, հրապարակային և անորոշ անձանց դիմելու, հրավիրելու կառուցվածքային խոսք նկարագրված մեղադրանքում առկա չէ»,- նշեց Զոհրաբյանը։ 

Պաշտպանն ընդգծում է, որ մեղադրանքի կողմը չի էլ փորձել պարզել, թե Միքայել Սրբազանն իրոք հանդիպե՞լ է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանի հետ և նման բան ասե՞լ է նրանց, թե դա ասել է փոխաբերական իմաստով։

Հիշեցնենք՝ մեղադրանքի հիմքում ընկած են երկու արտահայտություններ, որոնք մեղադրանքի կողմը որակել է ռազմական հեղաշրջում կատարելու կոչեր։ Դրանցից առաջինում «Գալա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Աջապահյանն ասել էր, որ իշխանությունը փոխելու երեք եղանակ կա՝ ընտրություն, հեղաշրջում և ժողովրդական ապստամբություն։ «Ուրիշ կա՞․․․ չկա ուրիշ։ Երեքն էլ անհնարին են սուբյեկտիվորեն։ Օբյեկտիվորեն հնարավոր են,- նշել է Աջապահյանը, ապա ավելացրել,- ուրեմն իմ էս վերջին 6 տարվա գործունեությունից պարզ չի՞, թե ես ինչ եմ ասում․ քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում է պետք, պատերազմի օրերին ասեցի, և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին»։

Երկրորդ հարցազրույցում, ըստ մեղադրանքը, Աջապահյանը վերահաստատել է իր միտքը՝ ի պատասխան լրագրողի հարցի՝ նշելով․ «Շատ էլ լավ եմ արել, ես իշխանությունը զավթելու կոչ չեմ արել, ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չի։ Ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք էս երկիրը, էս խելագարից փրկեք»:

Արա Զոհրաբյանն ասաց, որ կոչը լսողը պետք է ընկալի, թե իրենից ինչ է պահանջվում անել։ Իսկ Աջապահյանի խոսքում բացահայտ և ընկալելի գործողության դրդման կոչ չկա։ Զոհրաբյանը նաև ներկայացրեց լեզվաբան-փորձագետների մեկնբանությունները «կոչ» բառի վերաբերյալ՝ պնդելով, որ Աջապահյանի խոսքը կոչ չի պարունակել։ 

Ինչպես նախորդ պաշտպանները իրենց եզրափակիչ ելույթներում նշել էին, Արա Զոհրաբյանը ևս ասաց, որ Միքայել Աջապահյանի դեմ քաղաքական հետապնդում է տեղի ունենում իշխանության կողմից հոգևորականների դեմ ուղղված գործողությունների ֆոնին։ Արա Զոհրաբյանն ասաց՝ չունեն վստահություն, որ արդարադատություն կստանան, քանի որ դատավարության ընթացքում բազմաթիվ ճչացող խախտումներ են տեղի ունեցել։ «Բայց ես Ձեզ հավատացում եմ, որ այս հարցով մենք հասնելու ենք արդարության։ Եվ այս հարցով մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվության առջև են կանգնելու»,- դիմելով դատավորին՝ ասաց Արա Զոհրաբյանը։ 

«Բացարձակապես աբսուրդ է, ապօրինի, շինծու է այն մեղադրանքը, ինչի համար, որ ես մեղադրվում եմ»․ Միքայել Աջապահյանի եզրափակիչ ելույթը
Եզրափակիչ ելույթ ունցավ նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Ելույթի սկզբում նա նշեց, որ իր պաշտպանները հորդորել են գրել պաշտպանական ճառը, սակայն ինքը հրաժարվել է նախապես գրել այն՝ առաջնորդվելով ավետարանական հորդորով։ «Հիսուսը՝ մեր Տերը, ասել է՝ ձեզ տանելու են տարբեր ատյանների առաջ։ Բայց մի մտածեք՝ ինչ պիտի խոսեք, որովհետև Սուրբ Հոգին կթելադրի, թե ինչ պիտի խոսեք»,- ասաց Աջապահյանը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Նմանատիպ նյութեր