211652_close_icon

«Գետամեջ» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

views-count658 դիտում article-date 14:51 05-09-2025
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները «Թռչնաֆաբրիկա «Գետամեջ 2016»» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գետամեջ) իրականացվող վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել բրոյլեր հավի թև սառեցված և բրոյլեր հավ ամբողջական սառեցված արտադրատեսակներից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: 
 
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ հետազոտությամբ պարզվել է, բրոյլեր հավ ամբողջական սառեցված արտադրատեսակը (արտադրված 23.08.2025 թ., պիտանիության ժամկետը՝ 12 ամիս) համապատասխանում է Մաքսային միության կանոնակարգով սահմանված պահանջներին, իսկ բրոյլեր հավի թև սառեցված արտադրատեսակում (արտադրված 25.08.2025 թ., պիտանիության ժամկետը՝ 6 ամիս) եղել են անհամապատասխանություններ ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշով:
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
 
Վերահսկիչի կողմից տնտեսվարողին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։

Նմանատիպ նյութեր