211652_close_icon

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը պաշտպանում է 2026 թ․ NDAA-ի հայանպաստ փոփոխությունները

views-count355 դիտում article-date 13:05 05-09-2025
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող 2026 թ․ «Ազգային պաշտպանական իրավասությունների ակտի» մի շարք հայանպաստ օրենսդրական նախաձեռնությունների աջակցությամբ ։ Այս մասին հայտնում են Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

Դրանք հետապնդում են.

Հայաստանի անվտանգության ուժեղացում,
Ադրբեջանի զորքերի դուրսբերում Հայաստանի տարածքից,
Հայ գերիների ազատ արձակում,
Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձ,
Հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն,
Ադրբեջանին տրամադրվող ամորիկյան ռազմական օգնության դադարեցում,
ԱՄՆ նախագահի՝ 907-րդ բանաձևի ամենամյա չեղարկման նախագահական իրավասության սահմանափակում,
Զենքի մատակարարման սահմանափակումներ Թուրքիային։
Մեկնաբանելով ներկայացված նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Ադրբեջանը կշարունակի հայ գերիների ապօրինի պահպանումը, Հայաստանի տարածքների օկուպացիան և Արցախի քրիստոնեական ժառանգության ավերումը այնքան ժամանակ, քանի դեռ նրան պատասխանատվության չեն ենթարկում։ Կոնգրեսը պետք է վճռական քայլ կատարի՝ դադարեցնելով ռազմական օգնությունը Ադրբեջանին և ամրապնդելով Հայաստանի անվտանգությունը»։

Մի շարք փոփոխություններ վերաբերում են նաև Թուրքիային՝ արգելափակելով F-35 և F-16 ռազմական ինքնաթիռների մատակարարումն ու արդիականացումը, քանի դեռ Անկարան չի դադարեցրել ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների ինքնիշխանության խախտումները։

Սենատում, Ադամ Շիֆի ներկայացրած փոփոխությունը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանի կողմից հայ գերիների կեղծ դատավարությունները, ապահովել բոլոր գերիների և պատանդների ազատումը և կիրառել «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցներ»՝ մարդու իրավունքների խախտումներում ներգրավված ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ։

Այս երկկուսակցական նախաձեռնությունները ձևավորում են ամուր օրենսդրական արձագանք՝ Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության սպառնալիքներին և ամրապնդում են Հարավային Կովկասում անվտանգային քաղաքականության նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունը։

Նմանատիպ նյութեր