211652_close_icon

ՀՀ նախագահն ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությանը

views-count583 դիտում article-date 22:10 26-08-2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով ժամանած Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աբբաս Ջաբր Ալ-Մալիքիի գլխավորած պատվիրակությանը։

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ Իրաքը Մերձավոր Արևելքում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերն է, որի հետ համագործակցությունը դինամիկ  զարգանում է առևտրատնտեսական, կրթամշակութային, հումանիտար և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Մալիքին կարևորել է Երևանում անցկացված Հայաստան-Իրաք գործարար համաժողովը՝ որպես գործարար շրջանակների միջև կապերի խթանման և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերելու արդյունավետ հարթակ, և շեշտել է նման ձևաչափը պարբերական դարձնելու անհրաժեշտությունը։

Կողմերը առանձնահատուկ շեշտել են երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատման և արդյունավետ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործարար կապերի խթանումը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին։ Երկուստեք ընդգծվել է, որ հայկական միրգն ու բանջարեղենը, կենդանի անասունները, մսամթերքն ու կաթնամթերքը կարող են հետաքրքրություն ներկայացնել իրաքյան շուկայի համար։

Կարևորվել է ուղիղ թռիչքների վերականգնումը և բեռնափոխադրումների դյուրացումը՝ առևտրատնտեսական կապերի զարգացման խթանման նպատակով։
Կողմերն ընդգծել են նաև երկուստեք ներդրումային հնարավորությունների խթանումը, ինչպես նաև էներգետիկայի, ակադեմիական, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա համագործակցային ներուժի իրացման կարևորությունը՝ համատեղ ծրագրերի իրականացման և հարաբերությունների խորացման համար։
 

Նմանատիպ նյութեր