211652_close_icon

Հայաստանի պաշտոնյաների մասին հերթական կեղծիքը․ Պրիգոժինի հիմնադրամի թիրախում այժմ էլ Ալեն Սիմոնյանն է

views-count1018 դիտում article-date 23:25 21-08-2025
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մասին հերթական կեղծ տեղեկությունն է շրջանառվում․ այս անգամ թիրախում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է, որին համեմատել են Ջեֆրի Էփշթեյնի հետ, ով ամերիկացի միլիարդատեր էր, մեղադրվել ու դատապարտվել է մանկապղծության համար և համարվել սեռական հանցագործ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Fip.am-ի (փաստերի ստուգման հարթակ) տարածած հոդվածում։

Հարթակի փոխանցմամբ՝ «Հայազգի Ջեֆրի Էփշթեյն. ինչպես է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը մանկաբարձ-կայսրություն կառուցել բարձրաստիճան պաշտոնյաների համար» վերնագրով հոդվածը հրապարակվել է VT Foreign Policy/Veterans Today հարթակում, որտեղ պնդում կա, թե իբր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և երկրի բարձրագույն ղեկավարները ներգրավված են մանկապղծության ցանցում։ Ի դեպ, այս հոդվածը հրապարակվել է նաև Պրիգոժինի հիմնադրած «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» կայքում։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է հոդվածը հրապարակած կայքը, դրանում եղած պնդումները և պարզել, որ այն անհիմն է, մեղադրանքները՝ առանց փաստերի, իսկ դրա հետքերը տանում են ռուսական շրջանակներ․ «Ըստ WHOIS գործիքի՝ VT Foreign Policy կայքի դոմեյնը գրանցված է 2023 թվականին»։

Կայքի «Մեր մասին» բաժնում նշվում է, որ VT-ն «գրաքննության չենթարկվող այլընտրանքային» հարթակ է, որտեղ որևէ մեկը կարող է հրապարակել այն, ինչ ցանկանում է։ «․․․վիրտուալ լրատվամիջոց, որը ԱՄՆ-ից և ամբողջ աշխարհից 100% անկախ գրողներին տրամադրում է ազատ և բաց հարթակ՝ իրենց տեսակետները ներկայացնելու առանց գրաքննության»,-նշվում է կայքում։ 
Հրապարակված հոդվածի հիմնական «աղբյուրը» «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» ուսումնասիրությունն է։ «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice (FBR/FBI-նմանակում է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի անգլերեն հայտնի հապավմանը՝ FBI-խմբ․) սերտ առնչություն ունի «Վագներ» հիմնադրամի հետ։ Այս կառույցի հիմնադիրը, հիշեցնենք, Եվգենի Պրիգոժինն է։ Այն կապվում է պրոկրեմլյան ազդեցությամբ գործընթացների հետ։ 

«Հիմնադրամը, որը ներկայանում է որպես «մարդու իրավունքները պաշտպանող» կազմակերպություն, ղեկավարում է Միրա Տերադան, որը հայտնի է նաև Օկսանա Վովկ անունով: Այս ռուս կինը, ըստ տարբեր աղբյուրների, ավելի քան երկու տարի անցկացրել է ԱՄՆ բանտում՝ թմրամիջոցների մաքսանենգության շրջանակում փողերի լվացման մեղադրանքով (2021 թվականին վերադարձել է ՌԴ-խմբ․)։ Հիմնադրամն օգտագործում է ամերիկյան և օտարերկրյա սոցիալական մեդիա հարթակներում ազդեցություն ունեցող հայտնի անձանց՝ Արևմուտքում քարոզչություն և ապատեղեկատվություն տարածելու նպատակով»,-նշել է «փաստերի ստուգման հարթակը»։ 

Վերջինիս փոխանցմամբ՝ հոդվածում նշվում է, թե իբրև ամիսներ շարունակ հետաքննություն են անցկացրել «բացահայտելու Հայաստանի պատմության մեջ բարձրաստիճան պեդոֆիլների ամենամեծ ցանցը»։ Սակայն չկան այդ մասին ապացույցներ, տուժողների հետ զրույցներ կամ նրանց վկայություններ, փաստական տվյալներ և այլն։ Իսկ նրանք, ովքեր իբրև թե խոսել են հոդվածագրի հետ, ներկայացվում են առանց անունների։ 

«Հոդվածում հրապարակվել է մի լուսանկար և նշվում է, որ դրանում Ալեն Սիմոնյանն է անչափահաս աղջիկների հետ։ Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լուսանկարի տղամարդը նման չէ Ալեն Սիմոնյանին և ավելին, այն չի ապացուցում, որ դրա վրա պատկերված անձը հենց Սիմոնյանն է»,-նշել է աղբյուրը՝ հավելելով, որ նմանատիպ նկարներ լայնորեն տարածված են stock պլատֆորմներում (Alamy, Depositphotos, Dreamstime և այլն)։ 
Ստուգումները ցույց են տալիս, որ կոնկրետ այս պատկերի մեջ արհեստական բանականությամբ գեներացված լինելու հավանականությունը 2․6 տոկոս է։

Միաժամանակ այդ լուսանկարը ցանցում որպես stock տարբերակ ամբողջությամբ չի հայտնաբերվել։ Սա կարող է նշանակել, որ այն կա՛մ իրական stock լուսանկար է, բայց փոփոխության ենթարկված, կա՛մ պարզապես մի քանի պատկերներից ստացված ֆոտոմոնտաժ է։
Փաստերի ստուգման հարթակն իր հոդվածում անդրադարձել է նաև հիմնադրամի կայքում տեղադրված հոդվածի հեղինակին, որը սակայն, նշված չէ, այդուհանդերձ VT Foreign Policy-ում որպես հոդվածի հեղինակ նշվում է բրազիլացի մի երիտասարդ՝ Լուկաս Լեյրոզ (Lucas Leiroz) անունով։ 

«Լուկասի X-ի էջը ավելի խոսուն է և ընդգծում է նրա պրոռուսական դիրքորոշումը․ նրա էջի ետնանկարում Լուգանսկն է, որին տիրանալու համար Ռուսաստանի զինված ուժերը տարիներ շարունակ պայքարում են, իսկ նրա գլխավոր լուսանկարում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է»,-նշել է հարթակը։

Այս լրագրողի Linkedin-ի էջում կարելի է կարդալ․ «Ես հաճախ աշխարհաքաղաքական հարցերով մեկնաբանություններ եմ տալիս «Սպուտնիկ Ռադիոյին»»․ «Ռադիո Սպուտնիկը», նկատենք, «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մաս է, ռուսական քարոզչական աղբյուրներից մեկը։ 

«Այսպիսով, Հայաստանի ԱԺ նախագահին և բարձրաստիճան պաշտոնյաներին մանկապղծության համար մեղադրանք ներկայացնող հոդվածն առանց փաստերի է, իսկ դրանում նշված դեպքերը, հայտարարությունները, անանուն զրույցները՝ կասկածելի, անհիմն։ Fip.am-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սա հերթական տեղեկատվական հարձակումն է ռուսական շրջանակներից»,-ասված է հարթակի հոդվածում։

Նմանատիպ նյութեր