93832 դիտում
12:40 15-01-2020
Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. անգամ մութ ու ցուրտ տարիներին Բարձրաշենի դպրոցում դասապրոցեսը չի խաթարվել. ծնողներն ասում էին. «Մեր երեխաները հո կամիկաձե չեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում: Գյուղի միակ դպրոցում են հավաքվել դպրոցում սովորող երեխաների ծնողները, գյուղապետարանի պատասխանատուներն ու դպրոցի ուսուցչական անձնակազմը:
Նրանք դպրոց ժամանած Արարատի մարզպետի խորհրդականից ու մյուս պաշտոնյաներից պահանջում են հստակ պատասխան, թե ի վերջո երբ են դպրոցի՝ եթե ոչ կապիտալ, ապա մասնակի հիմնանորոգման աշխատանքները սկսվելու, երբ է դպրոցը ունենալու կայուն ջեռուցում, որպեսզի կարողանան երեխաներին առանց անհանգստանալու ուղարկեն դպրոց:
Դպրոցի ուսուցչանոցում թեժ քննարկում է գնում և մարզպետի խորհրդականը ծնողներին հորդորում էր, որպեսզի երեխաներին բերեն դասի, ինչը զայրացրեց գրեթե բոլորին ու նրանք պահանջում էին, որ մարզպետն անձամբ ինքը խնդրին խառնվի, որպեսզի այն լուծվի:
«20 տարուց ավելի է, չենք կարողանում դպրոցի ջեռուցման հարցը լուծենք, հիմա եկեք, ապացուցեք, որ նախորդ իշխանություններից տարբերվում եք, իսկ այդ հարցը ցանկութան դեպքում կարող եք լուծել»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անգամ մութ ու ցուրտ տարիներին դպրոցում դասապրոցեսը չի խաթարվել, վերջին տարիներին էլ ծնողները, վստահելով երկարամյա տնօրենին, անգամ այդ պայմաններում երեխանեին չեն զրկել դպրոց հաճախելուց:
«Հիմա մեր համբերության բաժակը լցվել է»,- ասում էին ծնողները:
«Ուզում ենք մեր երեխաների համար դասապրոցեսը պատշաճ ապահովեն: Համաձայն ենք այն դիտարկմանը, որ դպրոց հաճախող երեխաներն ու ուսուցիչները «կամիկաձեներ են»: Ամեն պահի կա շենքի փլուզման վտանգ: Ինչ է, սպասում ենք, որ ողբերգական դեպք լինի, նոր տեղներիցդ ժաժ գա՞ք: Մենք քանի տարի է, տնօրենին ու ուսուցիչներին ընդունելով, հարգել ենք նրանց ավանդը մեր երեխաներին ուսման տալու գործում, բայց հիմա ստիպված ենք մերժել նրանց հորդորը և երեխաներին չենք բերելու դպրոց, մինչև խնդիրը չլուծվի:
Մենք նաև լավ գիտենք որ խնդիրը 1-2 ամսում հնարավոր չէ լուծել, բայց գոնե այս իշխանությունները բարի կամք դրսևորեն ու մեզ՝ Բարձրաշենցիներիս ապացուցեն, որ իրենք մտահոգ են խնդրով և այն վերջնական լուծում կստանա:
Միևնույն է, եթե խնդիրը չլուծվի, մենք մեր երեխաներին չենք ուղարկելու դպրոց, քանի որ ոչ միայն անվտանգությունը չի պահպանվում, ոչ միայն ջեռուցումը չի պահպանվում, այլև դպրոցն անգամ չունի սանիտարահիգիենիկ պայմաններ՝ սանհանգույցներ մտնելիս ոչ ջուրն է գործում, ոչ էլ կան հարմարություններ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+