211652_close_icon

«Թռիչք» արշավական ակումբի հիմնադիր, լեռնագնաց Աշոտ Թոփուզյանի գլխավորությամբ և ռեժիսոր Հայկ Բաբայանի մասնակցությամբ հայ լեռնագնացները և արշավականները մեծ ճանապարհորդություն կատարեցին բիբլիական Արարատ լեռան շուրջը՝ բարձրանալով երկու գագաթներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3802 դիտում article-date 09:35 04-08-2025
Հուլիսի 22-ին ռեժիսոր Հայկ Բաբայանը բարձրացավ Փոքր Արարատ՝ Սիս լեռան գագաթը, իսկ մի քանի օր անց՝ հուլիսի 25-ին, երկրորդ անգամ բարձրացավ Մեծ Արարատ՝ Մասիսի գագաթը։

«Թռիչք» արշավական ակումբի հիմնադիր, լեռնագնաց Աշոտ Թոփուզյանի գլխավորությամբ հայ լեռնագնացները և արշավականները մեծ ճանապարհորդություն կատարեցին լեգենդար Արարատ լեռան շուրջը՝ բարձրանալով երկու գագաթներ, բացահայտելով հետաքրքիր վայրեր, ջրվեժներ Մասիս լեռան շրջակայքում, մեծ ժայռեր, քրդական գյուղեր և տարբեր մշակույթներ։

Նրանք մեկ օրում բարձրացան Սիս լեռան գագաթը, իսկ իջնելուց հետո հաջորդ օրը սկսեցին բարձրանալ Մեծ Արարատը։ Ռեժիսոր Հայկ Բաբայանի խոսքով՝ Սիսը հեռվից բոլորին մեկ այլ լեռ է թվում, բայց երբ մոտենում ես լեռանը, և հատկապես գագաթ բարձրանալիս, ասես բոլորովին այլ վայրում լինես։ Փոքր Արարատից իջնելիս ևս որոշակի դժվարություններ են առաջացել։ Սիսը փոշոտ և հողեղեն լեռ է, իսկ Մասիսը՝ մեծ ու փոքր քարերով սփռված և լցված։

Հայ լեռնագնացները երկու գագաթներին բարձրացրին հայկական դրոշը, պարեցին հայկական պարեր։

Ռեժիսոր Հայկ Բաբայանը Փոքր Արարատի գագաթին գինի, իսկ Մասիսի գագաթին՝ հայկական Ararat կոնյակ խմեց։

Նրա խոսքով՝ շատ բաներ կան պատմելու, կիսվելու, արտահայտվելու, բայց բառերով ամեն ինչ չես կարող փոխանցել. կան երևույթներ, որոնք պետք է սեփական աչքերով տեսնել և զգալ։

Արարատը հոգևոր հզոր լեռ է, որի էներգետիկան զգում ես թե՛ գագաթին, թե՛ լանջերին, թե՛ ստորոտին և անգամ այն ժամանակ, երբ տեսնում ես Արարատը տասնյակ կիլոմետրերով հեռվից։

Ռեժիսոր Հայկ Բաբայանը պատրաստվում է երկու գագաթների նվաճումը դարձնել հետաքրքրաշարժ վավերագրական ֆիլմ կամ ֆիլմեր, որի մասին SHAMSHYAN.com-ը կպատմի իր ընթերցողներին։ 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ Արարատ լեռան լանջերից, գագաթներից և շրջակա միջավայրից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր