211652_close_icon

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան» առաջին անգամ կներկայացնի Հայաստանը Վենետիկի պրոդյուսերների ոսկե ակումբում

views-count541 դիտում article-date 13:32 31-07-2025
Շարունակելով իրագործել 2025թ-ի ապրիլին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի և «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ միջև կնքված «Համագործակցության Հուշագրի» նպատակները, ՖԱՀՖ պատվիրակությունը այս տարի առաջին անգամ, օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը, կներկայացնի Հայաստանը Վենետիկի 82-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ Լիդո դի Վենեցիայի «Էքսելսիոր» հյուրանոցում գործող համաշխարհային կինոարդյունաբերության կարևոր հարթակներից մեկում՝ Վենետիկի Արտադրական Կամուրջի Պրոդյուսերների Ոսկե Ակումբում։

Մոտ մեկ ամիս Հիմնադրամի հետ համատեղ աշխատանքներից և Վենետիկի 82-րդ կինոփառատոնի տնօրինության հետ նամակագրությունից հետո Ֆիլմարատադրողների Համահայկական Ֆեդերացիան օրերս ստացել է Վենետիկի Արտադրական Կամուրջում և Վենետիկի Պրոդյուսերների Ոսկե Ակումբում գրանցման Հավաստագիրը, ապա նաև Բիենալեի գործադիր տնօրեն պարոն Անդրեա Դել Մերկատոյի հրավերը։
 
Վենետիկի Միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 1932թ-ին՝ մեր հայրենակից Ռուբեն Մամուլյանի «Բժիշկ Ջեքիլը և պարոն Հայդը» ֆիլմի ցուցադրությամբ, և արժանապատվորեն կրում է աշխարհում առաջինը լինելու իր բացառիկությունը ավելի քան 90 տարի։ Այն եզակի հարթակ է, որտեղ բարձրակարգ հանդիսատեսին ներկայացվում է ժամանակակից կինոյի լավագույն ծաղկաքաղը, միևնույն ժամանակ ֆիլմարտադրողներին հնարավորություն է տրվում Վենետիկի պատմական սրահներում հանդիպել կինոարդյունաբերության խոշոր ներկայացուցիչների հետ՝ համատեղ աշխատելու համար։

Վենետիկում Ֆեդերացիան կներկայանա իր անդամների՝ արտադրության տարբեր փուլերում գտնվող 5 ուշագրավ միջազգային կինոնախագծերով, որոնք խնամքով ընտրվել են Կաննի կինոշուկայում ներկայացված նախագծերից և որոնց արտադրողները ապացուցել են իրենց մրցունակությունը՝ Կաննում կնքած Համատեղ Արտադրության, Դիստրիբուցիայի պայմանագրերի և միջազգային ներդրումների առկայությամբ։

Կինոարդյունաբերության ներկայացուցիչներին առանձին կներկայացվի նաև Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի շնորհանդեսը։ Ծրագրի մանրամասները Ֆեդերացիան հանրությանը կներկայացնի առաջիկա շաբաթներին, իսկ արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի սկզբին՝ մամուլի ասուլիսով։

Նմանատիպ նյութեր