211652_close_icon

Սիրիայի ժամանակավոր կառավարությունը Թուրքիայից աջակցություն է խնդրել

views-count697 դիտում article-date 20:25 23-07-2025
Սիրիայի ժամանակավոր կառավարությունը Թուրքիայից աջակցություն է խնդրել իր պաշտպանությունն ամրապնդելու համար, երբ վերջին երկու շաբաթների ընթացքում տեղի ունեցած միջկրոնական բախումները սրել են լարվածությունը Սիրիայում և հանգեցրել Իսրայելի միջամտության, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաներին։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի հայտարարել է, որ Սիրիան ևս օգնություն է խնդրել «ահաբեկչական կազմակերպությունների», դրանց թվում՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում։ Պաշտոնյաները հավելել են, որ Թուրքիան, որը վաղուց է պատրաստակամություն հայտնել օգնել Սիրիային, աշխատում է ռազմական ուսուցում, խորհրդատվական ծառայություններ և տեխնիկական աջակցություն տրամադրել՝ Սիրիայի պաշտպանությունն ամրապնդելու համար։

Սիրիայի հարավում լարվածությունը սրվեց անցյալ շաբաթ՝ Աս-Սուեյդա նահանգում դրուզների դեմ արյունահեղությունից հետո։

Հակամարտությունը հանգեցրել է Իսրայելի օդային հարվածների Սուեյդայում կառավարական զորքերի ավտոշարասյուների և Դամասկոսի կենտրոնում տեղակայված Պաշտպանության նախարարության շտաբ-բնակարանի վրա, որոնք Իսրայելը արդարացրեց դրուզ համայնքները պաշտպանելու ջանքերը վկայակոչելով։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հուլիսի 19-ին հայտարարեց Իսրայելի և Սիրիայի միջև ԱՄՆ միջնորդությամբ կնքված հրադադարի մասին, որը սիրիական կառավարական ուժերին հնարավորություն կտա մտնել Աս-Սուեյդա և կդադարեցնի դրուզների և բեդվինների միջև բախումները։ Դրուզների խմբավորումների և կառավարական ուժերի միջև նախկինում կնքված հրադադարը խախտվել է։ Երկրորդ հրադադարից հետո կառավարական ուժերը նահանջեցին Աս-Սուեյդայից, սակայն դրուզների և բեդվինների խմբավորումների միջև կրկին մարտեր սկսվեցին։

Անկարան աջակցում է նախագահ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորած Սիրիայի ժամանակավոր կառավարությանը և ձգտում է Դամասկոսի հետ պաշտպանական համաձայնության, որն, ըստ որոշ տեղեկությունների, կարող է ներառել Սիրիայի տարածքում թուրքական ռազմական բազաների ստեղծումը։

 

Նմանատիպ նյութեր