211652_close_icon

«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներում

views-count1648 դիտում article-date 13:53 17-07-2025
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաստառ պարզեց՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես», որը պետք է փակցվի առնվազն բոլոր նորակառույց դպրոցներում:

«Մենք նախկինում ասում էինք, որ կրթության ռազմավարությունը մեզ համար կարևոր է, առանցքային է, անկյունաքարային է։ Բայց իմ կարծիքով, մենք այդ ձևակերպումը պետք է փոխենք և վերաձևակերպենք հետևյալ կերպ՝ կրթությունն է մեր ռազմավարությունը։ Բացարձակապես չկա այդպիսի ոլորտ, որին սա չի վերաբերվում»,- ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ շատ կարևոր է ունենալ աշակերտներին ուղղված ուղիղ, պարզ, հստակ և հասանելի ուղերձ։ Խոսքը վերաբերում է կառավարության նոր նախաձեռնությանը՝ դպրոցներում հստակ կարգախոսի տեսքով պլակատների տեղադրմանը։

«Պետք չէ, որ ուղերձը բացատրվի հատուկ դասերով ու դասընթացներով։ Այն պետք է լինի պարզ, հասկանալի և աչքի առաջ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ արդեն տրվել է համապատասխան հանձնարարականը ԿԳՄՍ նախարարությանը։ Այս խոսքի ամփոփումն ու դպրոցի պատերին հայտնվելիք կարգախոսը հետևյալն է՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես»,- ասաց նա:

Նա այս միտքը ոչ միայն հնչեցրեց որպես կարգախոս, այլ ներկայացրեց այն որպես պետական մտածողության սփյուռք, կրթության և բարեկեցության միջև ուղիղ կապի խորհրդանիշ:

«Մենք մեր աշխատանքում դրանում համոզված ենք։ Լա՛վ սովորիր, որ լա՛վ ապրես։ Եվ համոզված ենք, որ սա շատ պրակտիկ ուղերձ է, որի ճշմարտացիության մեջ կասկածելու որևէ առիթ երբևէ որևէ մեկը չի կարող ունենալ»։

Վարչապետի խոսքով՝ սա միայն կրթության նախարարության գործը չէ. դա ամբողջ կառավարության պատկերացումն է ապագայի մասին՝ երբ կրթության միջոցով է ձևավորվում ոչ միայն մասնագիտությունը, այլև կյանքի որակը։

Նմանատիպ նյութեր