211652_close_icon

Լոս Անջելեսում պարետային ժամ է սահմանվել

views-count781 դիտում article-date 11:35 11-06-2025
Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) պարետային ժամ է սահմանվել՝ կապված քաղաքի կենտրոնում շարունակվող բողոքի ցույցերի հետ, հայտարարել է քաղաքապետ Կարեն Բասը, ինչի մասին հայտնում է ամերիկյան CBS News հեռուստաալիքի լրատվական բաժինը երեքշաբթի՝ հունիսի 10-ին։

«Ես արտակարգ դրություն եմ հայտարարել և պարետային ժամ եմ սահմանել Լոս Անջելեսի կենտրոնում՝ վանդալիզմն ու թալանը դադարեցնելու համար», - ասել է Բասը։

Ինչպես հաղորդում է AFP-ն, ռեժիմը կգործի մեկ քառակուսի մղոն (2.5 քառակուսի կիլոմետր) տարածքի վրա: Պարետային ժամը գործելու է երեկոյան 20:00-ից մինչև առավոտյան 6:00-ն բոլորի համար, բացառությամբ տեղի բնակիչների, լրագրողների և արտակարգ ծառայությունների, հավելել է նա: Ոստիկանապետ Ջիմ ՄաքԴոնելի խոսքով՝ անօթևանների վրա նույնպես չի տարածվում պարետային ժամը:

«Եթե դուք չեք ապրում կամ չեք աշխատում Լոս Անջելեսի կենտրոնում, խուսափեք այդ տարածքից։ Իրավապահ մարմինները կձերբակալեն պարետային ժամը խախտող յուրաքանչյուրին, և դուք պատասխանատվության կենթարկվեք», - հավելել է քաղաքապետը։

Նրա խոսքով՝ խոսքը 5-րդ մայրուղու, 110-րդ մայրուղու, 10-րդ մայրուղու և 5-րդ ու 110-րդ մայրուղիների հատման վայրի սահմանազատված տարածքի մասին է։

«Բողոքի ցույցերի և բռնության որոշ պատկերներ տպավորություն են ստեղծում, որ սա քաղաքային ճգնաժամ է, բայց այդպես չէ», - հավելել է քաղաքապետը։

Վերջին հինգ օրերի ընթացքում ցուցարարները զբաղեցրել են քաղաքի կենտրոնի մի քանի փողոցներ: ՄաքԴոնելի տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 200 մարդ: AFP-ն գրում է ավելի քան 500 ձերբակալության մասին: Ցուցարարների և իրավապահ մարմինների միջև մի քանի բախումներ բռնի բնույթ են ստացել: Դրանց ընթացքում ցուցարարները հրդեհներ են արել, ներկ լցրել շենքերի վրա և կոտրել խանութների ցուցափեղկերը: 

Նմանատիպ նյութեր