Թուրքիայի 8 նահանգներում ահագնացող ցույցերի պատճառով պարետային ժամ է սահմանվել
Թուրքիայի 8 նահանգներում այդ երկրի անվտանգության վարչության կողմից այսօր պարետային ժամ է սահմանվել, սակայն որևէ ժամկետ չի նշվում:
Այդ երկրի քրդերը, քրդական կուսակցությունների կողմնակիցները բողոքում են թուրքական կառավարության անգործությունից ու անտարբերությունից, որը ցուցաբերվում է սիրիական Քոբանի քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացվող քրդերի զանգվածային սպանությունների հանդեպ: Քրդերին զայրացրել է այն, որ Անկարան ամրացրել է իր սահմանները, սակայն սպասողական դիրքորոշում է որդեգրել՝ չմիջամտելով Քոբանիի իրադարձություններին:
Դիարբեքիր, Մարդին, Սիիրթ, Մուշ, Վան, Բաթման նահանգներում բողոքի ցույցերն ավելի վտանգավոր բնույթ են կրում: Նահանգներից երկուսում փակվել են դպրոցները: Ավերվում և թալանվում են խանութներ, ոստիկանության, ավտոմեքենաների վրա Մոլոտովի կոկտեյլներ նետվում: Որոշ շրջաններում բողոքի ցույցերը վեր են ածվել իսկական մարտի դաշտի: Հաղորդվում է տասնյակ զոհերի և վիրավորների մասին: