211652_close_icon

Մաքսային մարմինն արտահանման գործընթացը հունիսի 1-ից կսպասարկի շուրջօրյա ռեժիմով

views-count2065 դիտում article-date 11:43 30-05-2025
Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ մաքսային բարեփոխումների շրջանակում, Հայաստանի Հանրապետությունից արտահանվող (այդ թվում` դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ) ապրանքների մաքսային սպասարկումը երկրի ներսում 2025 թվականի հունիսի 1-ից կիրականացնի շուրջօրյա` առանց հանգստյան օրերի (24/7) ռեժիմով։

Ի՞նչ հնարավորություն կտա բարեփոխումը ԱՏԳ մասնակիցներին

Բարեփոխման արդյունքում 2025 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունից արտահանվող (այդ թվում` դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ) ապրանքների մաքսային հայտարարագրերը մաքսային մարմնի կողմից երկրի ներսում կընդունվեն, կսպասարկվեն և ապրանքները բաց կթողնվեն շուրջօրյա՝ ցանկացած օր և ցանկացած ժամի։ Գործառույթը կիրականացվի մաքսային մարմնում հատուկ այդ նպատակով առանձնացված աշխատակիցների կողմից։

Հիշեցնենք, որ մինչ այս բարեփոխումը` երկրի ներսում արտահանման գործընթացը սպասարկվում էր միայն աշխատանքային օրերին և միայն աշխատանքային ժամերին, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` արտահանման ձևակերպումները կարող էին իրականացվել միայն պետական սահմանի անցման կետերում, ինչն իր հերթին անցման կետերում հանգեցնում էր լրացուցիչ ծանրաբեռնվածության  և հերթերի:

Ի՞նչ  առանձնահատկությունների մասին պետք է տեղյակ լինել գործիքակազմից օգտվելու համար

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունից արտահանման  մաքսային ձևակերպումները հիմնականում իրականացվում են Երևանում և Վանաձորում տեղակայաված մաքսային մարմիններում, ինչպես նաև պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում, ուստի, արտահանվող ապրանքների շուրջօրյա ռեժիմով մաքսային սպասարկումն իրականացվելու է Երևանում և Վանաձորում, ինչպես նաև «Բագրատաշեն» անցման կետի մոտակայաքում գտնվող Տավուշի մարզի Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ՍՊԸ ժամանակավոր պահպանման պահեստում։

Աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ երկու կետերին.

Երևան քաղաքում աշխատանքային ժամերից (երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00) դուրս, ինչպես նաև հանգստյան օրերին, ապրանքների բացթողումն առայժմ իրականացվելու է միայն հետևյալ ժամանակավոր պահպանման պահեստներից․

«Ուրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» ՓԲԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (հասցե՝ ք. Երևան, Արարատյան 62/23, ծածկագիր՝ MHT00036),

«Վալենիսա» ՀՁ ՍՊԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (հասցե՝ ք. Երևան, Շիրակի 43, ծածկագիր՝ MHT00007):

Լոռու և Տավուշի մարզերում աշխատանքային ժամերից (երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00) դուրս, ինչպես նաև հանգստյան օրերին արտահանվող ապրանքների ապրանքների բացթողումն իրականացվելու է․

Վանաձորում տեղակայված մաքսային սպասարկման սրահից (հասցե՝ ք. Վանաձոր, Մոսկովյան 44, ծածկագիր՝ 05100030),

Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ՍՊԸ ժամանակավոր պահպանման պահեստից (հասցե՝ Տավուշի մարզ, ք. Այրում, գործարարների 10, ծածկագիր՝ MHT00018)։

Ի՞նչ է անհրաժեշտ իրականացնել արտահանվող ապրանքների մաքսային սպասարկումը շուրջօրյա (24/7) ռեժիմով կազմակերպելու համար

Հայտարարատուի կողմից աշխատանքային ժամերից (երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00) դուրս, ինչպես նաև հանգստյան օրերին Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսային հայտարարագրի և տարանցիկ հայտարարագրի (ТТ ТС) ապրանքների գտնվելու վայրի վերաբերյալ դաշտում նշել համապատասխանաբար․
  • «Ուրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» ՓԲԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (ծածկագիր՝ MHT00036),
  • «Վալենիսա» ՀՁ ՍՊԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (ծածկագիր՝ MHT00007),
  • ք․Վանաձորում տեղակայված մաքսային հսկողության գոտի (ծածկագիր՝ 05100030),
  • ք. Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ՍՊԸ ժամանակավոր պահպանման պահեստ (հասցե՝ Տավուշի մարզ, ք. Այրում, գործարարների 10 (ծածկագիր՝ MHT00018))։ 
Նախքան հայտարարագրի գրանցումն իրականացնելը՝ մաքսային բոլոր վճարների (պետական տուրքի) վճարումը և «90009» դասակարգչի ներքո կցել վճարումը հիմնավորող փաստաթղթերը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել գործունեությունը` կարճ ժամանակում ավարտելով մաքսային գործին առչվող գործընթացները։

Պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետությունից ելքի ուղղությամբ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու և հերթերի առաջացումը նվազեցնելու նպատակով` Կոմիտեն հորդորում է արտահանմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին արտահանումների ձևակերպումները հնարավորինս իրականացնել երկրի ներսում:

Նմանատիպ նյութեր