211652_close_icon

ՔԲԿ-ի հիմնադիր-առաջնորդը կշարունակի մնալ բանտում

views-count898 դիտում article-date 21:37 12-05-2025
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) նախկին անդամ և նախկին պատգամավոր Շամիլ Թայյարը Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ինքնալուծարման վերաբերյալ մանրամասներ է հրապարակել:

Ըստ այդմ՝ ինքնալուծարման գործընթացում կուսակցության անդամների միջև անհամաձայնություններ են եղել, որոնք լուծվել են անձամբ կուսակցության հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջնորդությամբ:

Թայյարը, հիմնվելով գործըթնացի մեջ գտնվող բյուրոկրատ իր ընկերոջից ստացված տեղեկությունների վրա, նշել է, որ «ՔԲԿ»-ի զենքերը Թուրքիայի վերահսկողությանն են հանձնվելու Սուլեյմանիեյում և Էրբիլում:

Թայյարի խոսքով՝ «ՔԲԿ»-ի բարձրաստիճան ղեկավար անձնակազմից շուրջ 300 հոգի էլ ուղարկվելու է Հարավային Աֆրիկա, Նորվեգիա և այլ նմանատիպ երկրներ: Հատուկ ընդգծվում է, որ նրանք չեն ուղարկվելու ոչ Իրան, ոչ Իրաք և ոչ էլ Սիրիա:

Բացի այդ, ընդգծվում է, որ «ՔԲԿ»-ի այն անդամները, ովքեր հանցանք չեն իրականացրել, կարողանալու են վերադառնալ իրենց հայրենիք:

Նշվել է նաև, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 4.000 մարդ էլ փուլ առ փուլ կհանձնվի Թուրքիայի հետ սահմանին:

Անդրադարձ է կատարվել նաև Աբդուլլահ Օջալանի ազատազրկմանը, ինչի համատեքստում նախկին «ԱԶԿ»-ականն ասել է, որ Օջալանի վիճակի հետ կապված ոչ մի փոփոխություն չի իրականացվելու, նա շարունակելու է մնալ Իմրալը կղզու բանտում:

Թայյարը նաև հավելել է, որ գործընթացն առաջ մղելու համար խորհրդարանում նոր սահմանադրության շուրջ համագործակցության եզրեր կարող են գտնվել:

«Եթե ստեղծվի համապատասխան հիմքը, օրակարգում կարող է հայտնվել նաև մասնակի համաներման հարցը»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Նմանատիպ նյութեր