211652_close_icon

Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը

views-count2272 դիտում article-date 09:34 12-05-2025
Երեկ՝ մայիսի 11-ին, Երևանում կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել են ընկերները:

Նշվում է, որ Հովհաննիսյանն առողջական խնդիրներ ուներ, սակայն մահը վրա է հասել կաթվածի հետևանքով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Գրիգոր Աբգարյանն ու Խաչատուր Խաչատրյանը։

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է. սրճարանում հայտնաբերվել էր տղամարդու մարմին։

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Նմանատիպ նյութեր