211652_close_icon

Ինչ անում ենք, կարիքավոր գյուղացու կողքով է անցնում. Այս ծրագիրն իմ տեսած ոչ մի գյուղացու չի վերաբերում. Փաշինյան

views-count586 դիտում article-date 13:58 27-03-2025
Արարատյան դաշտի բերրի հողի համար կառավարությունը 100 հազար դրամ տալիս է, օրինակ, 1 հա հատիկ ընդեղեն ցանելու համար։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գյուղացին ասում է՝ բայց ես պետք է 170 հազար դրամ ծախսեմ, որ հողը մշակեմ։ Ասում եմ՝ հա, կառավարությունը 100 հազար դրամը տալիս է։ Գյուղացին ասում է, բայց ես այդ 70 հազար դրամը չունեմ, ու այստեղ խոսակցությունը կանգնում է»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ ճիշտ խոսակցություն չի լինի, եթե ինքն այդ գյուղացուն ասեր, թե ամբողջ 170 հազար դրամն էլ կառավարությունը կտա. «Ավելի լայն շրջանակների հետ, որ խոսում ես, գյուղացիներն ասում են՝ գյուղատնտեսական ծրագրերը, որ անում եք, մեզ համար չէ, դրանից էլի հարուստներն են օգտվում, քանի որ այդ օգնությունը կստանան 50-100 հա ցանողները, հարուստները։ Չեմ ասում՝ Բիլ Գեյթսը, բայց տեղական մասշտաբով հարուստները կօգտվեն»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Ինչ անում ենք անընդհատ վրիպում ենք, կարիքավոր գյուղացու կողքով է անցնում։ Այս ծրագիրն իմ տեսած ոչ մի գյուղացու չի վերաբերում, 0»։

Նմանատիպ նյութեր