211652_close_icon

Իսրայելի հարվածներից Գազայում 404 պաղեստինցի է զոհվել, կա ավելի քան 560 վիրավոր

views-count442 դիտում article-date 15:56 18-03-2025
Մարտի 18-ի գիշերը Գազայի հատվածում Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսումից հետո զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 400-ը, վիրավորվել է ավելի քան 560 մարդ։ Այս տվյալները, ըստ ՏԱՍՍ-ի, թելեգրամյան ալիքում տրամադրել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։

«Այս պահի դրությամբ Գազայի հատվածի հիվանդանոցներում կա 404 զոհ և 562 վիրավոր հրետակոծությունների հետևանքով», - ասվում է հաղորդագրությունում։

Իսրայելական զինվորականները  գիշերը վերսկսել են հարվածները Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին՝ երկրի ղեկավարության հրահանգով։ Գազայի իշխանությունները նշում են, որ հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ: Այս մասին փոխանցում է bbc.com-ը։

Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել են զինվորականներին «վճռական գործողություններ ձեռնարկել» ՀԱՄԱՍ-ի դեմ։

«Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը բազմիցս մերժել է ազատ արձակել մեր պատանդներին, ինչպես նաև մերժել է ԱՄՆ նախագահի բանագնացից և միջնորդներից ստացված բոլոր առաջարկները: Ներկայումս Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության թիրախների վրա՝ քաղաքական ղեկավարության կողմից սահմանված պատերազմական նպատակներին հասնելու համար, ներառյալ մեր բոլոր պատանդների՝ կենդանի և մահացածների ազատ արձակումը», - ասվում է Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր