211652_close_icon

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan»-ը ու «Opel»-ը․ կա 4 զոհ․ ժամանել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count37468 դիտում article-date 08:00 18-03-2025
Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 4-րդ կմ հավածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Opel» մակնիշի և 49-ամյա Էդուարդ Հ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Nissan»-ի ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 42-ամյա Քրիստինե Բ․-ն և 9-ամսական Մառլեն Ս․-ն տեղում մահացել են։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենաների միջից դուրս են բերել դիերը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության  համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արման Ավդալյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Անանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր