211652_close_icon

Նոր ծրագիր՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում․ ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է Համակարգող խորհրդի հանդիպմանը

views-count2680 դիտում article-date 12:13 15-03-2025
Մարտի 13-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը մասնակցել է ԵԽ երևանյան գրասենյակի կողմից
իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» և
«Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրերի Համակարգող խորհրդի առաջին համատեղ հանդիպմանը։

Հանդիպմանը ներկա էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ներկայացուցիչներ Ներքին գործերի նախարարությունից, շահագրգիռ այլ գերատեսչություններից և ԵԽ փորձագետներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանը,
Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը, ծրագրի գործողություններին, արդյունավետ
իրականացումն ապահովող կարգավորումներին վերաբերող և մի շարք այլ թեմաներ։

Արմեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և ներպետական մարմիններին` ներդրած ջանքերի և համագործակցության ակտիվացման համար: «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ ապահովումը ՆԳՆ առաջնահերթություններից է և, չնայած անելիքներին, պետք է արձանագրեմ, որ այս ոլորտում ունենք տեսանելի առաջընթաց, ինչը փաստում են նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուսումնասիրությունները և զեկույցները», – ընդգծել է ՆԳ նախարարի տեղակալը։

Արմեն Մկրտչյանը կարևորել է Ստամբուլյան արձանագրությամբ սահմանված նվազագույն չափանիշների ապահովման նպատակով իրականացվող այն աշխատանքները, որոնց արդյունքում պետությունը պետք է ապահովի ազատությունից զրկված անձանց հնարավոր խոշտանգման պատշաճ փաստագրումը և արդյունավետ քննությունը։

Նրա խոսքով՝ ՆԳ նախարարությունը ձեռք է բերել միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ կահավորված մեքենաներ՝ ձերբակալվածներին տեղափոխելու համար, այդ թվում՝ հատուկ կարիքներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար։

ՆԳ նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ Ներքին գործերի նախարարությունը հետևողական է Ոստիկանության
բարեփոխումների ռազմավարական ծրագրով սահմանված նպատակների իրականացման, ինչպես նաև Ոստիկանության գործողություններն առավել իրավաչափ, թափանցիկ և վերահսկելի կազմակերպելու ուղղությամբ։

Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև ոլորտին առնչվող այլ հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր