211652_close_icon

Իսրայելը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազա

views-count709 դիտում article-date 23:41 09-03-2025
Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենն այսօր հայտարարել է, որ հրամայել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված՝ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Իսրայելը արգելափակել էր պատերազմից տուժած պաղեստինյան տարածք ուղարկվող ցանկացած օգնություն: Այս մասին տեղեկացնում է AFP-ն:

Քոհենն իր տեսաուղերձում, մասնավորապս, ասել է. «Ես հենց նոր հրաման եմ ստորագրել Գազայի հատվածի էլեկտրաէներգիայի մատակարարումն անհապաղ դադարեցնելու մասին: Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ պատանդներին վերադարձնելու համար և որպեսզի պատերազմի ավարտի հաջորդ օրը ՀԱՄԱՍ-ն այլևս Գազայում չլինի»:

Հանգստյան օրերին Իսրայելը հայտարարեց, որ արգելափակում է մարդասիրական օգնության մատակարարումները Գազա, քանի դեռ պաղեստինցի զինյալները չեն ընդունել հրադադարի երկարաձգման պայմանները, որը հիմնականում դադարեցրել է ավելի քան 15 ամիս շարունակվող մարտերը:

Հրադադարի առաջին փուլը, որն ավարտվել է մարտի 1-ին, թույլ է տվել առաքել կենսական նշանակություն ունեցող սննդամթերք և բժշկական օգնություն։

Իսրայելը հայտարարել է, որ ցանկանում է երկարաձգել առաջին փուլը մինչև ապրիլի կեսը, սակայն պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պնդում է երկրորդ փուլին անցնելու անհրաժեշտությունը, որը կհանգեցնի պատերազմի վերջնական ավարտին: Շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ը օգնությունն արգելափակելու համար մեղադրեց Իսրայելին «կոլեկտիվ պատժի ռազմական հանցագործություն կատարելու» մեջ և հայտարարեց, որ այդ քայլը ազդել է նաև այնտեղ դեռևս պահվող իսրայելցի պատանդների վրա:

Նմանատիպ նյութեր