211652_close_icon

Քննարկման է ներկայացվել Արցախից տեղահանված անապահով ընտանիքների աջակցության նոր ծրագիրը

views-count2923 դիտում article-date 19:29 06-03-2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունման դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներն ապրիլ ամսվանից հրատապ սոցիալական աջակցություն կստանան։
 
Աջակցության ամսական չափը կկազմի՝
 
 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի անունից դիմում ներկայացնող անձի համար՝ 40,000 դրամ,
 ընտանիքի մյուս յուրաքանչյուր տեղահանված անդամի համար՝ 10,000 դրամ:
Միջոցառման շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներ կհամարվեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «14.00»-ից բարձր անապահովության միավոր ունեցող կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքները։
 
 Հրատապ աջակցությունից օգտվել չեն կարող՝
 
• պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող ընտանիքները,
• պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող ընտանիքները,
• ընտանիքները, որոնց անդամներից մեկը ՀՀ-ում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք։

Դիմելու ընթացակարգը կներկայացվի լրացուցիչ։

 Մանրամասներին կարող եք ծանոթանալ և մինչև մարտի 21-ը Ձեր առաջարկ-դիտարկումներն ուղարկել e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/8387

Նմանատիպ նյութեր