211652_close_icon
views-count1438 դիտում article-date 20:25 19-02-2025

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած Իրական Հայաստանի նախագիծն ու դրա դրույթները

Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով դիմել է ժողովրդին՝ ներկայացնելով Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:

ՆԱԽԱԳԻԾ

Իրական Հայաստանի գաղափարախոսություն

Իրական Հայաստանը՝ Հայաստանի Հանրապետությունն է, միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով:
Հայաստանի Հանրապետության առաջընթացի և զարգացման՝ Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված տեսլականը բազմաշերտ է և պետք է արտահայտվի պետական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

1. Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ – Հայրենիքը հայերիս լեզվամտածողության ամենանվիրական հասկացություններից է: Բայց այն չի առնչակցվում իրավունքների և պարտականությունների համակարգին, ունի աշխարհագրական ընկալման տարբերակներ և ընկալումներ: Իրական Հայաստանի սույն գաղափարախոսությունը հայրենիքը նույնացնում է միջազգայնորեն ճանաչված պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ, հայրենասիրությունը՝ այդ պետության շահերի, դրանում սահմանված իրավունքների ու պարտականությունների համակարգի հետ: Հայրենասիրության այս մոդելի զարգացման համար էական է, որ ժողովուրդը, քաղաքացին ինքն իրեն ընկալի ոչ միայն որպես պետության հիմնադիր, այլև պետության մեջ հաստատված իրավակարգի աղբյուր, պետության մեջ հաստատված սահմանադրական կարգն ընկալի որպես համակեցության՝ իր մասնակցությամբ ձեռք բերված համաժողովրդական պայմանավորվածություն: Այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս: Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային (մնացորդային) գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ:

2. Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ-Ազգ և ժողովուրդ հասկացությունները հաճախ նույնացվում են: Բայց քաղաքական դիտանկյունից դրանք էականորեն տարբերվում են՝ շարունակելով փոխկապակցված լինել մեկը մյուսին: Ազգը, ըստ այդմ, էթնիկ ընդհանրություն ունեցող հավաքականությունն է, որը կապված չէ քաղաքական ընդհանուր իրավունակությամբ, իսկ ժողովուրդը քաղաքական իրավունակությամբ օժտված հավաքականությունն է, որն ունի ընդհանուր քաղաքացիություն, ասել է թե՝ ժողովուրդը պետականակերտ ինստիտուտն է, սահմանադիրը, իշխանության աղբյուրը և իշխանության գերագույն կրողը: Հայ ժողովուրդը հայ ազգի պետականակերտ հատվածն է: Հայ ժողովուրդը Հայաստանի ժողովրդի առանցքն է: Հայաստանի ժողովրդի մաս են նաև այլ ազգերի ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ քաղաքացիները:

3.Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց – Ժողովուրդը պետություն ստեղծում է՝ որպես բարեկեցության գործիք: Պետությունը հայաստանյան իրականությունը պարբերաբար փոթորկող «որտեղ հաց՝ այնտեղ կաց» ասացվածքի նպատակակետն է, այսինքն՝ այն տեղը, որտեղ կա հաց, որովհետև այն գործիքն է, որով ստեղծվում է հաց, ասել է թե՝ բարեկեցություն, և հետևաբար՝ այդտեղ պետք է մնալ: Պետությունը ժողովրդի բարեկեցության փնտրտուքի արգասիք է, բարեկեցությունը երջանկության հասնելու համար անհրաժեշտ պայման: Այս ընկալումը խորթ է եղել մեր իրականությանը, որովհետեւ դարեդար հայրենիք, պետություն, հաց հասկացությունները տարանջատված են եղել իրարից: Հացը վաստակվել է ուրիշների կողմից ստեղծված և/կամ ուրիշ տեղերում գտնվող պետություններում, հայրենիքին վերապահելով մեկուսի, բայց նվիրական ավանդույթների ու արժեքների կոնսերվացման տեղի գործառույթ, հայրենիքի, պետության ու հացի միջև դեգերումները վերածելով հայերիս սոցիալ-հոգեբանության առանցքային բաղադրիչի: Հաց, հայրենիք, պետություն հասկացությունների նույնացումը խնդիրներից «արտագաղթելու», այսինքն՝ հացի խնդիրն այլ տեղ լուծելու հայեցակարգը փոխարինում է խնդիրներին առերեսվելու և դրանք սեփական պետությունում և սեփական պետությունով լուծելու հայեցակարգով: Այս գործընթացում էական նշանակություն ունի բարեկեցության (անվտանգություն, ազատություն, արդարություն, կենցաղ, երջանկություն) ստանդարտի սահմանումը, դրա իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը՝ որպես ռազմավարություն որդեգրելը և պետությունը, որպես ռազմավարության իրագործման գործիքի և նշված ստանդարտի իրագործման տարածքի գիտակցումը: Այս համատեքստում կարևոր է արձանագրել, որ պետությունը սեփական բախտը որոշելու, ճակատագիրը կանխորոշելու լավագույն գործիքն է քաղաքացու և ժողովրդի համար, և մարդու լավագույն կյանքը հնարավոր է միայն իր պետության մեջ:

4. Հարստացիր և հարստացրու – Հարստանալը և հարստացնելը հանրային բարեկեցություն հաստատելու առանցքային խթան են և այս խթանը պետք է տեղավորել ոչ թե փողի հետևից մրցավազքի, այլ արդյունք ստեղծելու համար մրցակցության՝ անհատին և պետությունը զարգացնող տրամաբանության մեջ: Լավ ապրելը պետք է դառնա կանոն բարեկեցության սահմանված ստանդարտի տրամաբանության մեջ և այն ըմռնմամբ, որ լավ ապրելու միակ գործիքը շատ աշխատելն է, շատ վաստակելը, շատ ծախսելը։ Սա վերաբերում է թե՛ անհատին, թե՛ պետությանը, ընդ որում՝ թե՛ պետությունը, թե՛ անհատը պետք է կապված լինեն նաև իրար հարստացնելու փոխադարձ ցանկությամբ, հանրությունը, խմբերը, անհատները պետք է համախմբված լինեն իրար հարստացնելու փոխադարձ մղմամբ, նաև այն պատճառով, որ համապատասխան միջավայր ունենալն է հաջողության կարևորագույն գրավականը, ինչից բխում է, որ հարստանալու և հարստացնելու պետական տրամաբանությունը հնարավոր է միայն օրինականության, օրենքի առաջ բոլորի հավասարության, արդարության, ստեղծագործականության միջավայրում: Եթե այսպիսի միջավայրում շատ աշխատելը չի բերում շատ վաստակի, ուրեմն աշխատանքն արդյունավետ (արտադրողական) չէ: Եթե շատ ծախսելը չի հանգեցնում բարեկեցության, ուրեմն ծախսը (ներդրումը) արդյունավետ չէ: Նշված համատեքստում էական է փողի նկատմամբ հանրային և անհատական վերաբերմունքի փոփոխությունը, այն չարի և բարու տրամաբանությունից դուրս դնելու և որպես խնդիրներ լուծելու, և օրինական աշխատանքի ու գործունեության գնահատման գործիք ընկալելու իմաստով:

5.Մարդը բարձրագույն արժեք է: Սա նշանակում է, որ մարդու առաջնային կարիքները հոգալն առաջնահերթություն է - Հացի, փողի, հարստության, լավ ապրելու մասին խոսույթի ներառումը քաղաքական գաղափարախոսության մեջ անսովոր է մեր քաղաքական կյանքի համար և կարող է գնահատվել որպես «բարձր քաղաքականության» արժեզրկում: «Բարձր արժեքների վրա հիմնված քաղաքականությունները», սակայն, երբեմն տեսադաշտից բաց են թողնում արժեքներից բարձրագույնին՝ մարդուն, նրա ամենօրյա կենսական կարիքները, ապրելու և կյանքը վայելելու նրա բնական մղումը: Սույն գաղափարախոսության առանձնահատկությունը մարդուն և նրա կարիքներն առանցքում դնելու գործնական մոտեցումն է՝ այն ըմբռնմամբ, որ մարդու կարիքները հենց ինքը մարդը նախևառաջ պետք է հոգա և պետական քաղաքականություններն ուղղված պետք է լինեն մարդուն դրա համար անհրաժեշտ կրթությամբ, հմտություններով, կարողություններով, գիտելիքով օժտելուն, մարդու տաղանդը զարգացնելուն և դրա իրացման համար անհրաժեշտ հնարավորություններ ու միջավայր ձևավորելուն: Հոգևոր, մշակութային արժեքները նույնպես դիտարկվում են այս դիտանկյունից: Այդ արժեքներն ունեն ոչ թե երկնային նշանակություն, այլ մարդու կենսական կարիքների անբաժան մաս են, որովհետև մարդն ունի ինչպես նյութական, կենցաղային, այնպես էլ հոգևոր-մշակութային կարիքներ և արժեքներն արժեքավոր են այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են մարդուն մոտիվացնելու, ներդաշնակ դարձնելու, երջանկությունն ապահովելու համար: Այս իմաստով, կարևոր են մարդու ազգային և պետական ինքնությունը, ազգային և պետական արժեքները, որոնցից մի մասի հետ մարդն առնչվում է անմիջապես, մյուս մասը մարդու համար գոյություն ունի որպես գիտակցություն, որպես համոզմունք: Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հիմնված է հայ ժողովրդի ազգային արժեքների վրա:

Ըստ այդմ, հայ ժողովրդի (Հայաստանի Հանրապետության) ազգային արժեքներն են՝
- Հայաստանի Հանրապետությունը:
- ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը:
- Հայաստանի պատմությունը, հայ բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:
- Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:
- Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:

- Հայրենիքը, ընտանիքը, անհատը:
- Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, Հայ Կաթողիկե եկեղեցին, Հայ Ավետարանական եկեղեցին. Քրիստոնեությունը:
- Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:

- Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ:
- Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, մարդասիրությունը, հարգանքը և հանդուրժողականությունն ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ:
- Տարածաշրջանային պատկանելությունը, համաշխարհային քաղաքակրթությունը, տարածաշրջանային, դասական և ժամանակակից մշակույթը,
- Եղբայրական զգացումները և հարաբերությունները ՀՀ ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ: Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ավանդույթները, կրոնները, հավատալիքները:
- Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի (Հայաստանի Հանրապետության) վերը նկարագրված ազգային արժեքները:

6. Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է – Ընտանեկան, գերդաստանային կապերի ամրության հայաստանյան ավանդույթը կենսական ռեսուրս է պետականության ամրապնդման համար: Անհրաժեշտ է այդ ավանդույթն ընտանեկան, տոհմային հարթությունից զարգացնել մինչև հանրային-պետական մակարդակ՝ վերաբերելի դարձնելով անհատի և պետության հարաբերություններին: Ժողովրդի և պետության առաջ անհատի առաջնային հոգսը հարկեր վճարելն է, ինչպես յուրաքանչյուր ընտանիքի յուրաքանչյուր անդամի առաջնային հոգսն ընտանիքի նյութական ապահովությունն է: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն յուրաքանչյուր ընտանիքի բյուջեի մաս է: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն յուրաքանչյուր ընտանիքի բարօրության համար ավելի մեծ միջոցներ է ծախսում, քան յուրաքանչյուր ընտանիք ինքն իր համար: Հետևաբար, ինչպես որևէ մեկն ավելորդ չի համարում իր ընտանիքի կարիքները հոգալու համար անհրաժեշտ ծախսերը, այնպես էլ ավելորդ չպետք է համարի Հայաստանի Հանրապետության նկատմամբ հարկային պարտավորությունների կատարումը: Երկրի հարկային օրենսդրությունը պետք է ապահովի պետության պահպանման և զարգացման համար անհրաժեշտ միջոցների հավաքագրումը և պայմաններ ապահովի տնտեսության մեջ ավելացված առավել մեծ արժեքի ձևավորման, տնտեսության զարգացման համար:

7. Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու՛ ես – Անհատական ջանքը պետության զարգացման առանցքային պայման է: Այդ պայմանը սկսում է արդյունավետ գործել միայն այն պահից, երբ անհատը գիտակցում է սեփական ջանքի ազդեցությունը: Պետության կարևորագույն գործառույթն է անհատի ջանքի արժևորումը և դրա դրսևորման հնարավորությունների ստեղծումը: Սա հնարավոր է կրթության միջոցով. կրթությունը պետության զարգացման ռազմավարության իրագործման առաջնային գործիքն է՝ այն ընկալմամբ, որ կրթությունը ցկյանս գործընթաց է և վերաբերվում է նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության, բուհական, հետբուհական կրթության մակարդակին, ինչպես նաև պետության ռազմավարական հաղորդակցությանը, այն իմաստով, որ քաղաքացի-պետություն հարաբերությունները կրթական հարաբերություններ են թե՛ քաղաքացու, թե՛ պետության համար: Կրթության համակարգն ուսումնառուին պետք է ուսուցանի բարեկեցիկ կյանքի, երջանկության համար անհրաժեշտ հմտություններ: Անհատի դերը պետության զարգացման գործում առանցքային է, բայց նախևառաջ առանցքային է սեփական բարեկեցության և երջանկության ապահովման մեջ: Սեփական բարեկեցությունն ու երջանկությունը կառուցելն անհատի առաջնային ներդրումն է պետության բարեկեցության և երջանկության ապահովման գործում:

8. Երջանիկ անհատ – Անհատը երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված է, առողջ է, ստեղծագործ է, ունի սոցիալական միջավայր, սիրված աշխատանք, որի վաստակով ունի հասանելիություն առողջ սննդին, առողջ ապրելակերպին, անհրաժեշտ կենցաղային պայմանների, պարբերաբար ճամփորդում է, սիրված է, հարգված է, հաղորդակից է հոգևոր կյանքին և/կամ մշակույթին: Սեփական երջանկության համար պայմաններ ապահովելով անհատը միջավայր է ստեղծում նաև ուրիշ անհատների և հանրության երջանկության համար:

9. Հոգատար հանրություն - Ինչպես անհատն իր հաջողությամբ միջավայր է դառնում հոգատար հանրության ձևավորման համար, այնպես էլ հանրությունը դառնում է այն միջավայրը, որտեղ կայանում է անհատի զարգացումը: Կրթությունը, մշակութային կյանքը, աշխատանքը, գործարարությունը, հոգատարությունը շրջակա միջավայրի նկատմամբ, առողջ սննդակարգը և ակտիվ ապրելակերպը, օրենքի նկատմամբ հարգանքը, բազմակարծությունը, ժողովրդավարությունը և դրա շուրջ հանրային միասնությունը մեծապես միջավայրային գործոններ են կամ առավել արդյունավետ դրսևորվում են համապատասխան միջավայրում: Ակտիվ գործարարության, մանկամսուրից մինչև ցկյանս կրթության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, արդարության, օրենքի առաջ բոլորի հավասարության, ազատության պահապանը նաև հանրությունն է՝ որպես այդ արժեքների վրա կառուցված միջավայր:

10. Հզոր պետություն – Պետությունը հզոր է այնքանով, որքանով զարգացած է նրա տնտեսությունը: Հետևաբար, քաղաքականությունները պետք է միտված լինեն երկրի տնտեսական հզորացմանը: Պետական շահը տնտեսական զարգացումն է: Սա քաղաքականությունների ապաարժեքայնացման միտում չէ, որովհետև հանրային տրամադրությունը համարվում է տնտեսության զարգացման կարևորագույն գործոն: Արժեքները և նրանց նկատմամբ նվիրվածությունը, մշակույթը և կրթությունն անհատի և հանրության աշխատանքի, տնտեսական գործունեության մոտիվացման առանցքային գործոն են: Արժեքահեն քաղաքականությունները պետք է միտված լինեն երկրի տնտեսության զարգացմանը:

11. Վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, այլև կենսական անհրաժեշտություն է – Վերափոխումը կենսունակության առանցքային պայման է: Ինչպես անհատը, այնպես էլ հանրությունն ու պետությունը պետք է ռեֆլեքսիայի հմտությունը խորացնեն մինչև գենետիկ մակարդակ: Ճշմարտությունը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, այլևս ճշմարտություն չէ, նպատակը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, ինքնանպատակ է, համոզմունքը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, նախկինից մնացած տպավորություն է, իդեալը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, թերի է: Հարափոփոխ կյանքում կենսունակ լինելու միակ բանաձևը ռեֆլեքսիան, ինքնահայեցումը, փոխվելու և վերափոխվելու ընդունակությունն է:

12. Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ - Պետությունը սեփական բախտը որոշելու, ճակատագիրը կանխորոշելու լավագույն գործիքն է ժողովրդի համար, բայց այս նպատակին առավել արդյունավետ ծառայելու համար պետությունը պետք է լինի հնարավորինս անկախ: Փոխինտեգրված և գնալով ավելի փոխինտեգրվող աշխարհում անկախությունը ոչ միայն բացարձակ չէ, այլև երբեք չի եղել բացարձակ, որովհետև պետություններն այսպես թե այնպես կախված են այլ պետություններից: Հետևաբար, անկախ եղել են, կան և կլինեն այն պետությունները, որոնք կախված են ոչ թե քչերից, այլ շատերից: Հետևաբար, անկախության ռազմավարությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելու ռազմավարությունն է: Եթե պետությունն արդեն կախված է շատերից, ուրեմն պետք է խնդիր ունենա կախված լինել ավելի շատերից: Բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության նպատակը նույնիսկ շատերից կախվածության մեջ անհամաչափություններ թույլ չտալն է: Սա նշանակում է ոչ թե բոլորից հավասար կախված լինել, այլ մեկից կախվածությունը հավասարակշռել մյուսից կախվածությամբ, բայց այդ հարաբերության մեջ երբեք չլինել ստատիկ: Բալանսավորումն անընդհատ գործընթաց է, որի անհրաժեշտությունը գնահատվում է պարբերաբար:

13. Խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է – Խաղաղությունն արտաքին հարաբերությունների վերջնանպատակն է: Երբ խաղաղությունը հաստատված է, այն շարունակում է մնալ արտաքին հարաբերությունների վերջնանպատակ, արտահայտվելով տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցությամբ: Խաղաղությունն առաջին հերթին տարածաշրջանային գործոն է, որովհետև խաղաղությունը կամ նրա բացակայությունն առաջին հերթին արտահայտվում է անմիջական հարևանների հետ հարաբերություններում, ապա միջազգային, ապա համաշխարհային: Խաղաղությունը ռազմավարական և երկարաժամկետ առումով հնարավոր է, երբ դառնում է հմտություն, որը պիտի արտահայտվի հարևանների միջավայրում առանց արտաքին աջակցության և համագործակցված ապրելու կարողությամբ: Խաղաղությունն անվտանգության ամենահուսալի երաշխիքն է: Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ են տարածաշրջանի երկրների փոխկախվածությունները, տարածաշրջանային և համաշխարհային մատակարարումների ցանցում և առևտրում երկրի ունեցած տեղը: Պաշտպանունակ բանակը նույնպես խաղաղության էական գործոն է, անկախության և պետականության էական բաղադրիչ:
14. Ապագա կա՛, կա՛ Ապագա – Ապագան այսպես թե այնպես գալու է: Իսկ թե ինչպիսին կլինի, կախված է երեկն ընկալելու և այն այսօրվա աշխատանքի գիտելիք ու հմտություն դարձնելու կարողությունից: Ապագան այսօրվա աշխատանքի արդյունքն է: Ապագան այսօր է: Այսօր սկսիր լինել այնպիսին, ինչպիսին ուզում ես լինել ապագայում:

Սույն նախագծի վերաբերյալ Ձեր դիտարկումներն ու առաջարկությունները կարող եք ուղարկել [email protected] էլ փոստի հասցեով:

 

Նմանատիպ նյութեր