211652_close_icon
views-count1879 դիտում article-date 21:10 29-01-2025

Բանակի 33-ամյակին նվիրված հանդիսություն․ հյուրերի շարքում վետերաններն ու զոհվածների ընտանիքների անդամներն էին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 28-ին Երևանի Անի Գրանդ Հոթել հյուրանոցում, «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի և աջակիցների ջանքերով, կայացավ ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված հանդիսությունը։ Միջոցառումը մեկնարկեց օհներգով և հանուն Հայրենիքի ընկած հայորդիներին տրվող հարգանքի տուրքով, որից հետո բեմում էին սիված ժողովրդական արտիստները։ Հնչեցին Բանակին ու Արցախին նվիրված երգ ու երաժշտություն, ասմունք և  Նժդեհյան խոսքեր։

Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին ղարաբաղյան պատերազմների վետերաններ, սպաներ, կամավորներ և զոհվածների ընտանիքների անդամներ։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին «Հայաքվե» նախաձեռնությունը նաև հայտարարություն է տարածել, որում ասվում է․  «Արդի հայոց բանակը ծնունդ է առել մեր ժողովրդի համար դժվարին օրերին՝ մեր միասնական հայրենիքի ազատության և անկախության համար մղվող պայքարի բովում` հընթացս դառնալով հազարամյակների փառապանծ հայկական մարտական ավանդույթների շարունակողը։ Մեր նորաստեղծ բանակը ձևավորվեց նվիրյալների և հերոսների անսահման կամքի ու հավատքի շնորհիվ, ովքեր ոչ միայն պաշտպանեցին մեր հայրենիքը, այլև դրեցին հայկական պետության ամուր հիմքերը։ Պատահական չէ, որ թե անցյալում և թե հիմա մեր բանակը առավել հեղինակավոր հաստատությունն է երկրում, և մեր ողջ ժողովուրդը բանակին հատուկ վերաբերմունք ունի։
Մեր բանակն անցել է բարդ, բայց հերոսական ուղի՝ դառնալով հայ ժողովրդի արժանապատվության, տոկունության և կամքի մարմնացումը։ Թեև մենք վերջին տարնիներին ծանր կորուստներ ենք կրել, Հայոց բանակը տարեցտարի կվերականգնի իր ուժերը և կշարունակի մնալ մեր հայրենիքի անվտանգության գլխավոր հիմնասյունը, իսկ մենք բոլորս էլ կդառնանք միասնական ազգ-բանակ և մեր բանակին ամուր թիկունք ու հենարան։ 
Այսօր, այս նվիրական օրը խորին շնորհակալություն հայտնենք մեր բանակի բոլոր նվիրյալներին, նրա բոլոր տարիների զինծառայողներին՝ սպաներին, ժամկետային և պայմանագրային զինծառայողներին, խիզախ տղամարդկանց և հերոսական կանանց՝ մեր երկրի հողն ու ջուրը, մեր ժողովրդի ազատությունը անձնվիրաբար պաշտպանելու համար։ Շնորհավորենք նրանց տոնը, մաղթենք տոկունություն, առողջություն և բարի ծառայություն, խաղաղ երկինք, ամուր թիկունք, և անկոտրում կամք՝ պաշտպանելու այն ամենը, ինչը թանկ է բոլորիս համար։
Կեցցե Հայոց բանակը, Աստված զորավիգ նրա բոլոր մարտիկներին»:

Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր