211652_close_icon
views-count1159 դիտում article-date 11:42 25-12-2024

Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում դեկտեմբերի 16-ին օպերատիվ տվյալներ են ստացվել Նորագավիթի 61-ամյա բնակիչի վերաբերյալ։ Մեծ քանակությամբ զենք-զինամթերք պահելու և իրացնելու մասին տեղեկությունն անմիջապես ստուգվել ու հաստատվել է:

Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել տղամարդու տանը և ավտոմեքենայում։ Հայտնաբերվել է «ՍԿՍ» տիպի ինքնաձիգ, մեկ ինքնաձիգ՝ հեռադիտակով, 2՝ «Մակարով» տեսակի, 2՝ «Չեզետա» տեսակի, 1՝ թմբուկավոր և 9 այլ մարտական ատրճանակ, ատրճանակի բռնակներ, դետալներ, փամփուշտներ, 32 հրապատիճ, այլ զինամթերք և զենքի ձևափոխման, վերանորոգման համար նախատեսված հաստոցներ:

Հայտնաբերվածներն առգրավվել են։ 61-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերված զենք-զինամթերքի մի մասը տղամարդը ձեռք է բերել մայրաքաղաքի Շոպրոնի փողոցի 51-ամյա բնակչից։

Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նաև 51-ամյա տղամարդու տնակում։ Հայտնաբերվել են մարտականի ձևափոխված 6 ատրճանակ և տարբեր տրամաչափի 125 մարտական փամփուշտ։

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր