211652_close_icon
views-count2083 դիտում article-date 14:58 09-12-2024

Հոբելյանական ընթրիք՝ Հայաստանի և Կոլումբիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ. տեսանյութ

Հայաստանի Հանրապետության և Կոլումբիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների 30- ամյակի առիթով ՀՀ-ում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի հրավերով կայացել է հոբելյանական ընթրիք։ Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության դեսպան Հեկտոր Արենաս Նեյրանը, Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպաններ, փոխդեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական մարմինների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի համոզմամբ երկուստեք շահերից է բխում շարունակել ակտիվացնել առևտրային, մշակութային և զբոսաշրջային շփումները մեր կառավարությունների, գործարարների և ժողովուրդների միջև:

Դեսպան Հեկտոր Արենաս Նեյրանը երրորդ անգամ է Հայաստան այցելում, արդեն երկրորդ անգամ՝ դեսպանի կարգավիճակում: Նա խոստովանում է, որ Հայաստանը գրավել է իրեն հարուստ պատմությամբ՝ միահյուսված քրիստոնեության և համաշխարհային մարդկության պատմությամբ․ «Ուրախ ենք նշել Կոլումբիայի և Հայաստանի
միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Աշխատել ենք տարբեր ոլորտներում՝ մշակութային,
ակադեմիական: Նպատակ ունենք շարունակել աշխատել այնպիսի ոլորտների շուրջ, ինչպիսիք են մշակութային
դիվանագիտությունը, գաստրոնոմիկ, կրթական, սպորտային դիվանագիտությունը և նաև փորձել գտնել
հնարավորություններ մեր երկու երկրների միջև առևտրային կապերի ամրապնդման համար: Ցանկանում ենք
ծրագրեր իրականացնել նաև գրականության ոլորտում, քանի որ գիտենք, որ Հայաստանում շատերը հետաքրքրված են լատինամերիկյան և կոլումբիական գրականությամբ», - ասել է նա:

Ի դեպ, ընթրիքի համար հատուկ Հայաստան էր ժամանել կոլումբիացի շեֆ-խոհարար Լուսիանա Կայենը, ով մասնագիտացել է Կոլումբիայի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խոհանոցում, կակաոյի և սուրճի փորձագետ է:

Լուսիանա Կայենն առաջին անգամ էր Հայաստանում․ «Ես ծանոթ եմ Հայաստանին, և մեր երկրում կա մի շրջան, որը
կոչվում է Արմենիա: Այնտեղ սուրճ են աճեցնում: Այն շատ կարևոր նշանակություն ունի մեզ համար: Հայաստանում
եմ արդեն երկու կամ երեք օր, և իմ տպավորությունը մարդկանցից և մշակույթից շատ խորն է: Մարդիկ այստեղ շատ
բարի են: Մեր երկրները շատ ընդհանրություններ ունեն»,- ասել է նա:

Ընթրիքի ընթացքում հյուրերը համտեսել են Լուսիանայի կազմած հատուկ ճաշացանկից կոլումբիական խոհանոցի
յուրահատուկ ուտեստներ՝ վայելելով կոլումբիական երաժշտություն և պարեր:

Հայաստանի և Կոլումբիայի միջև հարաբերությունների սերտացման ուղղությամբ երկու երկրներն էլ ջանքեր են ներդնում՝ կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում, համագործակցության ընդլայնումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր