4358 դիտում
20:04 10-02-2017
Հայաստանի և Իրանի արտգործնախարարները ուղերձներ փոխանակեցին 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ
Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ Հայաստանն ու Իրանը կապված են բազմաթիվ թելերով և որ դա նախ և առաջ հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններն են, խոր հարգանքը երկու ժողովուրդների միջև, հոգածությունը միմյանց մշակույթի նկատմամբ և այս հարուստ հիմքի վրա խարսխված բարիդրացիական փոխգործակցությունը: Հայաստանի արտգործնախարարը շեշտում է, որ բոլոր հիմքերը կան՝ վստահորեն ասելու, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր բարեկամ երկրների միջև փոխգործակցությունն առավել կամրապնդվի և կխորանա՝ ի շահ երկու հարևան ժողովուրդների բարօրության: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատում Մոհամմադ Ջավադ Զարիֆի անձնական ավանդը երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման գործում՝ շնորհավորելով այս կարևոր իրադարձության կապակցությամբ և մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Նախարար Զարիֆն իր ուղերձում գոհունակությամբ նշում է, որ այս տարիների ընթացքում երկու երկրների ղեկավարների կամքի ու կառավարման շնորհիվ մեր պետությունների միջև հարաբերությունները զարգացել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Իրանի արտգործնախարարը հավելում է, որ կասկածից վեր է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանհինգերորդ տարեդարձի շեմին ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանիի՝ ՀՀ այցելությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու առաջ մղմանն ուղղված հերթական քայլ է: Շնորհավորելով Հայաստանի ԱԳ նախարարին, կառավարությանը և հայ ժողովրդին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ՝ Իրանի ԱԳ նախարարը մաղթում է Հայաստանի արտգործնախարարին քաջ առողջություն և հաջողություն, Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
787 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
652 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
451 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը