211652_close_icon
views-count1635 դիտում article-date 22:37 07-02-2017

Հայաստանի և Ավստրալիայի արտգործնախարարները ուղերձներ են փոխանակել՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ

Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ջուլի Բիշոփը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի Միության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ միջպետական հարաբերությունների սկզբնավորումից ի վեր մեր պետություններին հաջողվել է ձևավորել վստահության և հարգանքի վրա հիմնված ամուր և անկեղծ գործընկերություն: Հայաստանի արտգործնախարարը վստահություն է հայտնում, որ առկա է հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ, ինչին կծառայեն քաղաքական երկխոսության ընդլայնումը, մարդկային շփումները, իրավապայմանագրային դաշտի զարգացումը: Նախարար Բիշոփն իր ուղերձում նշում է, որ նախորդ 25 տարիների ընթացքում Հայաստանը և Ավստրալիան ունեցել են ջերմ և բարեկամական հարաբերություններ՝ հիմնված մարդկային ամուր կապերի և միջազգային խաղաղության ու անվտանգության հարցերում միասնական շահերի վրա: Ավստրալիայի արտգործնախարարը հավելում է, որ մեր համատեղ ջանքերը նպաստել են՝ զարգացնելու լայն քաղաքական, տնտեսական, հումանիտար և բնապահպանական օրակարգ՝ և երկկողմ, և բազմակողմ ձևաչափերում: Երկու նախարարները գոհունակությամբ են նշում միջազգային կազմակերպություններում հաստատված սերտ փոխգործակցությունը: Էդվարդ Նալբանդյանը և Ջուլի Բիշոփը բարձր են գնահատում Ավստրալիայի հայության դերը երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման գործում: Հայաստանի և Ավստրալիայի արտգործնախարարները վստահություն են հայտնում, որ համատեղ ջանքերով մեր պետությունների միջև բարեկամական հարաբերություններն առավել կընդլայնվեն և կխորանան:

Նմանատիպ նյութեր