211652_close_icon
views-count13194 դիտում article-date 09:06 06-12-2024

Հայաստանում «պադավատապետությունը», ի դեմս Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի, ապացուցված է. «Ժողովուրդ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում «պադավատապետությունը», ի դեմս Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի, ապացուցված է։

Նոյեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել էր տեսանյութ եւ գրել էր. «Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը. ավելի մանրամասն՝ այսօրվա հարցազրույցում»։
Ավելի ուշ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը, ինչպես սիրում էր հեղափոխության ժամանակ ասել, նշեց, որ ծառայողական մեքենաները կրճատելու են եւ վերջ դնեն «պադավատապետությանը», եւ սա արվում է բյուջեի գումարներն անիմաստ չմսխելու համար։

Նիկոլ Փաշինյանի պայքարի ֆոնին «պադավատապետությունն» այնքան ուժգին ամրացավ, որ պաշտոնյաները սկսեցին ծառայողական մեքենաները ծառայեցնել անձնական շահի համար, ինչպես օրերս արել է ՀՊՏՀ ռեկտորը։

Բանն այն է, որ Shamshyan.com-ը գրել էր, թե դեկտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։

Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes եւ Honda մակնիշի ավտոմեքենաները։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Honda մակնիշի էլեկտրոմոբիլը կցված է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը (ՊՈԱԿ), իսկ ղեկին եղել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը։ Հարկ է նշել, որ մեքենան գրանցված է եղել Գրիգորյանի վարորդի անունով։

Տեղեկացանք նաեւ, որ ռեկտոր Գրիգորյանը պարբերաբար պետության հաշվեկշռում գտնվող մեքենան օգտագործել է սեփական շահերի սպասարկման համար։ Սա բավական չէ՝ ոչ աշխատանքային ժամին վարելով ՀՊՏՀ ՊՈԱԿ-ին կցված մեքենան՝ վթարի էպիկենտրոնում է հայտնվել եւ վնասվածքներ է ստացել։ Ահա թե ինչ տեսք ունի հեղափոխական իշխանության «պադավատապետությունը», երբ ծառայողական մեքենայով ոչ աշխատանքային ժամին, ինչպես կասեր Փաշինյանը՝ «ճռիկ-վռիկներ» է անում ՀՊՏՀ ռեկտորը։

Հետաքրքիր է, թե այս երեւույթին ինչպես է վերաբերվում Փաշինյանը, եւ արդյոք հայտնի ցուցակում կան նաեւ բուհերի ռեկտորները»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 4-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել էին «Mercedes» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով եղել է 1 վիրավոր, սակայն դեպքի վայրում հավաքված քաղաքացիները դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկներին՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ասում էին, որ վիրավորները 2-ն են եղել։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Մակար Միրզոյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր վարորդների և վիրավորի ինքնությունը:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Honda»-ն վարել էր Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Գրիգորյանը, իսկ «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 26-ամյա Ալիկ Մկրտչյանը:  

Վթարի հետևանքով Ա. Գրիգորյանը, ում առաջինը օգնության էր հասել «Mercedes»-ի վարորդը և քաղաքացիները, տեղափոխվել էր հիվանդանոց:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ժողովրդին հայտնի՝ «Ժողինստիտուտի» ռեկտորն է և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է նա, ով բախվել է «Mercedes»-ի հետնամասին:

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր