211652_close_icon
views-count643 դիտում article-date 13:14 03-12-2024

Եթե որևէ մեկը նույնիսկ կոճի թել է վերցրել, պատասխանատվության է ենթարկվելու, մանդատը խոչընդոտ չէ. Սիմոնյանը՝ Աղազարյանի մասին

Բացասական եմ վերաբերվում Հովիկ Աղազարյանի՝ վարչապետի խնդրանքը մերժելուն: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«ՀՀ վարչապետը Հանրայինի եթերում, հրապարակային դիմել է  նրան խնդրանքով, ես չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է այդ խնդրանքը մերժել: Ես չեմ քննարկում պատճառները, ես չեմ ուզում մտնել այդ քննարկման մեջ, ես իրեն էլ եմ դա ասել»,- ասել է Սիմոնյանը:

Անդրադառնալով իր և Աղազարյանի զրույցին, Սիմոնյանը վստահեցրեց՝ չի սպառնացել նրան: «Ես Աղազարյանին չեմ սպառնացել, եթե ես մեկին սպառնում եմ, դա անում եմ տեսախցիկների առաջ: Անկեղծ զրույց է տեղի ունեցել, անկեղծ զրույցը խոսակիցների մեջ շատ ավելի բարդ է և ավելի ուրիշ տրամաբանության մեջ է, էմոցիոնալ խոսքի մասին է, և  մենք բավական երկար զրուցեցինք»,- ասել է նա:

Ըստ Սիմոնյանի՝ եթե ճնշում լիներ, ապա նա անպայման հրաժարական կտար: «Ես չեմ քննարկել որևէ պատճառ ու հարց, ես քննարկել եմ այն հարցը, որ կա նման պահանջ, խնդրանք և այդ խնդրանքը պետք է բավարարվի: Եթե ճնշած լինեինք` հրաժարական կտար:

Մենք տարիներ շարունակ իրար հետ պայքարել ենք և տարիներ շարունակ տարբեր ֆորմատներում կուսակցական աշխատանք ենք վարել:  Ինչ վերաբերում է ճնշմանը կամ կարծիքին, կլինի վարչության նիստ,  այդ ընթացքում ես իմ դիրքորոշումը կասեմ, կասեմ նույնն ինչ իրեն եմ ասել»,- նշել է նա:

Հարցին՝ խմբակցությունից հեռացման հարց կարո՞ղ է բարձրացվել թե ոչ, նա պատասխանեց. «Պարոն Աղազարյանը, եթե իրեն դնում է թիմից դուրս, իսկ դա թիմից դուրս դնել է, ինքն այդ թիմի հետ ճանապարհ չունի անցնելու: Եթե դու դնում ես քեզ թիմից դուրս, դա ամենավատ բանն է, պարոն Աղազարյանն ինքն է դա արդեն արել, չիգտեմ՝ վարչությունը ինչ որոշում կկայացնի, բայց եթե դա տեղի ունենա, դա ուղղակի ստեղծված իրավիճակի արձանագրում կլինի»:

Հարցին էլ՝ եթե նա նման SMS ստանար, ի՞նչ կաներ, Սիմոնյանը նախ ասաց, որ եթե-ներով հարցերի չի պատասխանում, ապա ավելացրեց. «Բայց եթե ՀՀ վարչապետը ինձ խնդրի, ես վայրկյան անգամ չեմ ընդդիմանա այդ խնդրանքին»:

Անդրադառնալով Աղազարյանի Մոսկվայի ընկերոջը, Սիմոնյանն ասաց. «Մոսկվայի ընկերը, ինձ թվում է, Կառլսոնի պես մի բան է, ինձ թվում է գոյություն չունի»:

Անդրադառնալով Աղազարյանի այն դիտարկմանը, որ եթե մանդատը վայր դնի ու հետո արդարացվի, կասեն՝ Աղազարյանը գործարքի գնաց, ԱԺ նախագահն ասաց, որ թող բոլորը հասկանան, որ մանդատը խոչընդոտ չի լինելու պատասխանատվությունից ազատվելու համար, եթե որևէ մեկը նույնիսկ մի կաշառք է վերցրել, պատասխանատվությունից չի ազատվելու:

Նմանատիպ նյութեր