211652_close_icon
views-count1864 դիտում article-date 10:23 03-12-2024

Մեծ թվով վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով. Երեւանի քաղաքապետի խոսնակ

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկեր,
այսօր առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ առանց որևէ նախնական ծանուցման հրաժարվել են դուրս գալ երթուղիներ՝ ըստ էության փաստի առաջ կանգնեցնելով առավոտյան աշխատանքի և այլ վայրեր շտապող տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Ինչպես գիտեք, վերջին ամսվա ընթացքում հանրությանը պարբերաբար առիթ ենք ունեցել հայտնելու, որ միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ էականորեն կրճատվել է ստվերային շրջանառությունը, և այս գործընթացը շարունակական է լինելու։

Չնայած վարորդների կողմից բարձրացված աշխատանքային բնույթի հարցերը պարբերաբար լուծում են ստացել, ինչպես նաև վարորդներին հայտնել են, որ ստվերային շրջանառության կրճատմանը զուգընթաց բարելավվելու են աշխատանքային պայմանները, այնուհանդերձ, ինչպես վերը նշվեց, մեծ թվով վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով։ Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ վարորդների ամսվա ընթացքում 15 օրվա համար վարձատրությունն առանց հարկերի (մաքուր աշխատավարձ) կազմում է

MAN – 401,500 ՀՀ դրամ,
Zhong Tong – 309 500 ՀՀ դրամ,
Gazel City – 219,500 ՀՀ դրամ:

Հարկ ենք համարում հատուկ շեշտել․ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանվում է, որ քաղաքային հասարակական տրանսպորտի կազմակերպության աշխատակիցները, գործադուլ իրականացնելու մասին առնվազն 14 օր առաջ պարտավոր են ծանուցել այդ մասին և անգամ այդ դեպքում պարտավոր են գործադուլի ընթացքում ապահովել նվազագույն պայմաններ, որոնք անհրաժեշտ են հասարակության անհետաձգելի կարիքները բավարարելու համար։ Տեղեկացնում ենք նաև, որ վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու ենք պատկան մարմիններին՝ վերոնշյալ արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

Սիրելի՛ երևանցիներ,
պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով աշխատակիցներ վաղ առավոտից հայտարարել էին գործադուլ և հրաժարվում էին դուրս գալ երթուղի։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Տևական ժամանակ է՝ մեզ խաբված ենք զգում։ Ամեն անգամ քաղաքային իշխանությունները խոստանում էին, որ կվերանայեն մեր աշխատանքային պայմաններն ու աշխատավարձային քաղաքականությունը, այսինքն մեր աշխատավարձը կբարձրացնեն, «կանեցներում» կունենանք բարվոք պայմաններ։ Սակայն ոչ մի առաջընթաց չկա, էլ չենք ասում բազմաթիվ պրոբլեմների մասին, որոնց մասին տեղյակ են հենց քաղաքապետարանում։ Հիմա արդեն մեր համբերության բաժակը լցվել է, ինչքան կարելի է խաբել, խաբել, խաբել։  Քաղաքային իշխանությունը պետք է իմանա, որ չի կարող խաբելով համոզել մեզ, ասել դուրս եկեք գործի։  

Ստիպված ենք դիմել այս ծայրահեղ քայլին, քանի որ այդ տրանսպորտից օգտվում են նաև մեր հարազատները։ Մենք էլ ենք ուզում ժողովրդի համար լավ լինի, բայց նաև իշխանությունները պիտի մի քիչ մտածեմ մեր մասին։ Մի օր որ երթևեկեք, կտեսնեք՝ ամենավերջին բաներն են ասում, էն տեսակ անեծքներ են տալիս։

Դուք մի օր պիտի շրջեք ավտոբուսով ու կտեսնեք իրականում ինչ է կատարվում։ Հասնում ենք «կանեց», չենք կարողանում մեր բնականոն կարիքները հոգալ, ավտոբուսը տանում ենք մոյկա, ժամերով սպասում ենք, խցանումների պատճառով մի քիչ ուշանում ենք, մեզ են մեղադրում։ Էնքան բան կա ասելու, որ չեք պատկերացնի։ Երևանն սպասարկող 3 պարկերում էլ գործադուլ է, պահանջում ենք, որպեսզի մեր կողմից բարձրացված հարցերը լուծեն, հակառակ դեպքում առեք ձեր գդալն ու կերեք ձեր եփած բորշչը»։

Նմանատիպ նյութեր