211652_close_icon
views-count856 դիտում article-date 19:36 03-10-2024

Լույս է տեսել Հովհաննես Չեքիջյանի կյանքին և գործունեությանը նվիրված գիրք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ լույս է տեսել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի «Ohannes Tchekidjian: Life and Career» գիրքը:

Աշխատությունը նվիրված է ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Խորհրդային Միության և Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի երկարամյա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում գրքի շնորհանդեսին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Աշխատության խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը:
Աշխատության մեջ անգլերենով առաջին անգամ ներկայացվել են Հովհաննես Չեքիջյանի կյանքն ու կատարողական արվեստը, բացահայտվել է Չեքիջյան-խմբավարի ներդրումը հայ խմբերգային արվեստի զարգացման գործում, Մաեստրոյի խմբավարական և դիրիժորական արվեստի կատարողական առանձնահատկությունները։  Ներկայացվել է նաև Հովհաննես Չեքիջյանի վաստակը հայ ժամանակակից երաժշտության կատարման և հանրահռչակման գործում, լուսաբանվել են Հովհաննես Չեքիջյանի համերգային շրջագայությունների լենինգրադյան և ֆրանսիական էջերը:

Հեղինակը կազմել է Հովհաննես Չեքիջյանի մասին առկա մատենագիտությունը, գիտական շրջանառության մեջ դրել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և դիրիժորի անձնական արխիվներում պահվող կարևոր վավերագրերը՝ գրախոսականներ համերգների վերաբերյալ, համերգների հայտագրեր, ծրագրեր, փաստաթղթեր:

Նմանատիպ նյութեր