1467 դիտում
17:40 27-09-2014
Գիտական նստաշրջան` նվիրված Հովհաննես Չեքիջյանի 85-ամյա հոբելյանին
Ս. թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ՀՀ ԳԱԱ-ում մասնակցել է Հովհաննեսի Չեքիջյանի 85-ամյակին նվիրված գիտական նստաշրջանին: Հ. Պողոսյանը Հայաստանի մշակույթի գործիչների և Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի հոբելյանական հանձնաժողովի անունից ողջունել է մասնակից հյուրերին` հայ երաժշտական կյանքում այդ կարևոր իրադարձության առիթով:
Հ. Պողոսյանը մասնավորապես նշել է. «Երկօրյա գիտական նստաշրջանի օրը պատահական չէ ընտրվել: Տարին հոբելյանական է, կարելի էր նստաշրջանը գումարել ցանկացած օր: Սեպտեմբերի 26-ին Կոմիտասի ծննդյան օրն է: Այդ օրը մեծ խորհուրդ ունի ոչ միայն հայ երաժշտության, այլև հենց մեր հոբելյարի` Հովհաննես Չեքիջյանի համար: Իր ողջ կյանքում նա ծառայել է կոմիտասյան երաժշտության տարածմանը` նրա խմբերգերը հնչեցնելով աշխարհի տարբեր բեմահարթակներից: Իսկ «Պատարագի»` Կոմիտասի հոգևոր խմբերգային գլուխգործոցի ձայնագրությամբ նա ամբողջացրեց կոմիտասյան աշխարհիկ և հոգևոր խմբերգերի չեքիջյանական մեկնաբանությունների գանձարանը: Սեպտեմբեր ամիսն իր հատուկ խորհուրդն ունի Մաեստրոյի կյանքում: Թուրքիայում դիրիժորական փայլուն ապագայի հեռանկարը թողած` 1961 թվականի հենց սեպտեմբերին երիտասարդ Հովհաննես Չեքիջյանը տեղափոխվեց Հայաստան: Երևանում հաստատվելուն պես նրա կյանքն անխզելիորեն կապվեց Հայաստանի պետական երգչախմբի հետ, և շուտով հայկական կապելլան հասավ ԽՍՀՄ լավագույն ակադեմիական երգչախմբերի մակարդակին, ձեռք բերեց միջազգային ճանաչում և համաշխարհային հռչակ: Իր 77-ամյա բեղմնավոր ճանապարհի ահա արդեն 53 տարիները Կապելլան քայլում է Մաեստրոյի հմուտ առաջնորդությամբ ու նրա ղեկավարությամբ էլ գրում իր տարեգրության փառավոր էջերը` աշխարհին ներկայացնելով հայ և համաշխարհային խմբերգային երաժշտության փայլուն կատարումները: Կոմիտասի և հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունների անզուգական կատարումներով Կապելլան հայ խմբերգային արվեստը մեծ հաջողությամբ ներկայացրեց Խորհրդային Միության բազմաթիվ քաղաքներում, Լիբանանում, Ֆրանսիայում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Սիրիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում և այլ երկրներում: Աննախադեպ հարստացավ ու բազմակողմանի դարձավ երգչախմբի համերգային երկացանկը` ներառելով ավելի քան 700 ստեղծագործություններ, այդ թվում խոշոր կտավի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ, որոնց մի մասը Հայաստանում և Խորհրդային Միությունում հնչել է առաջին անգամ: Հ. Չեքիջյանի բարձրակարգ պրոֆեսիոնալիզմի, բացառիկ աշխատասիրության, խստագույն պահանջկոտության, գործին ու հայրենիքին անմնացորդ նվիրումի շնորհիվ ապահովվեց Կապելլայի սրընթաց վերելքը. Կապելլան դարձավ ու մնաց հայ խմբերգային երաժշտության չգերազանցված գագաթը, հայրենական երաժշտարվեստի փառքերից մեկը: Եվ արդեն քանի-քանի սերունդների համար Հովհաննես Չեքիջյան և Կապելլա հասկացությունները նույնացել են` անհնար է պատկերացնել մեկն առանց մյուսի: Եվ այսօր մեր հանրապետության արվեստագիտական կյանքում բացառիկ իրադարձություն է. հոբելյանի առիթով գիտական նստաշրջան է նվիրվում կենդանի դասականին` մեր կատարողական արվեստի փայլուն ներկայացուցիչ Հովհաննես Չեքիջյանին: Երկօրյա գիտաժողովի երեք նիստերում բանախոսներն անդրադառնալու են Մաեստրոյի ստեղծագործության տարբեր ոլորտներին` տարբեր դիտանկյուններից ներկայացնելով նրա բեղուն գործունեությունը»:
Նմանատիպ նյութեր
2556 դիտում
14:12 18-10-2019
ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան
1737 դիտում
20:27 06-12-2019
Նիկոլ Փաշինյանը ներկա է Հովհաննես Չեքիջյանի 91-ամյակին նվիրված համերգին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
595 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
898 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1927 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է