Պետդեպարտամենտը հույս է հայտնել, որ Ուկրաինայում պատերազմի դիվանագիտական կարգավորումը շուտով կսկսվի
ԱՄՆ-ը հույս է հայտնում, որ շուտով կսկսվի Ուկրաինայի պատերազմի դիվանագիտական կարգավորումը։ Այս մասին Վաշինգտոնում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Քուրթ Քեմփբելը։
«Կա գիտակցում, որ դրա մի մասը պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ: Հուսով եմ, որ ոչ հեռու ապագայում ինչ-որ պահի մենք կհայտնվենք ինչ-որ դիվանագիտական փոխգործակցության մեջ»,- ասել է Քեմփբելը` խոսելով իրավիճակի հանգուցալուծման հեռանկարների մասին։
Քեմփբելը նաև ասել է, որ Սպիտակ տունը դեռևս նոր որոշումներ չի կայացրել Ուկրաինային ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներ մատակարարելու և ռուսական տարածքի խորքում արևմտյան զինատեսակներով հարվածների վերաբերյալ։ Այդ հարցերը շարունակում են քննարկվել ԱՄՆ վարչակազմում, նշել է նա։
Միաժամանակ, պետքարտուղարի տեղակալը մտահոգություն է հայտնել վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանի ռազմարդյունաբերական ներուժի աճի տեմպերի վերաբերյալ։ «Մենք տեսել ենք, թե ինչպես է ռուսական զինուժը վերակազմավորվում արագությամբ և վճռականությամբ, որն իսկապես մտահոգում է մեզ», - հավելել է Քեմփբելը: