211652_close_icon
views-count24713 դիտում article-date 21:49 21-09-2024

Պայթյուն՝ Երևանում գործող գազալցակայաններից մեկում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա փողոցի 37/3 հասցեում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ:  

Ժամանել են նաև ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը և ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտ հաշվարկ:

Պարզվել է, որ գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ ներսից լսվել է պայթյուն, ինչի հետևանքով օդի ալիքը կոտրել է պատուհանները, իսկ աշխատակիցներ Նվեր Մկրտչյանը, Ավետիք Գալստյանն ու Անդրանիկ Թորոսյանը, որոնց ծննդյան թվերն ու բնակության հասցեները պարզվում են, ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն է հրավիրվել նշված բենզագազալցակայանի տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանը:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Թորոսյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ Ա. Գալստյանն ու Ն. Մկրտչյանը «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»:  

Պարզվել է նաև, որ գազալցակայանի շինության տեխնիկական սենյակում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, կոտրվել է սենյակի պատուհանի ապակին և վնասվել տանիքի թիթեղը: 

Տեղում աշխատել է նաև փրկարար ծառայության հոգեբանական աջակցության կենտրոնի հոգեբանը:  

Լրացուցիչ ժամանել են Երևանի մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատներ:  

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր