211652_close_icon
views-count106719 դիտում article-date 16:30 21-09-2024

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. բեռնատարի վրայից մի քանի տոննա կշռող բազալտե քարերը պոկվել ու ընկել են. մեկը բախվել է խաչքարին ու պատվանդանին, 2-ն էլ հայտնվել են ճանապարհի մեջտեղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Վահան Ավագյանը իր վարած «Howo» մակնիշի բեռնատար կցորդիչով Լուսակերտ-Արգել ճանապարհով ընթանալիս՝ Արգել գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենայի վրա բարձված 3 հատ մի քանի տոննա կշռող բազալտե քարերը թափվել են:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քարերից 2-ը հայտնվել են ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում, իսկ մեկն էլ գլորվելով բախվել է «Քրիստոնյա Հայաստան» ժողովրդի կողմից «Խաչքարերի շտեմարան» անունը ստացած հատվածում տեղադրված խաչքարին ու պատվանդանին:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ հսկայական քարերը խաչքարի մոտից ու ճանապարհից հեռացվեցին վերամբարձ կռունկի միջոցով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 261+
261+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր