211652_close_icon
views-count964 դիտում article-date 22:28 03-09-2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը վստահություն է հայտնել, որ Չու Դոնգյուի այցն ավելի կխորացնի Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) միջև համագործակցությունը:

«Հայաստանը բարձր է գնահատում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ երկարամյա համագործակցությունը և մենք հանձնառու ենք ընդլայնելու մեր գործընկերությունը կայուն զարգացման առանցքային ոլորտներում»,- ասել է Հանրապետության նախագահը՝ նշելով, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում կանաչ գյուղատնտեսությանը, գյուղատնտեսության թվայնացմանը և էկոլոգիապես կայուն արտադրանքի մշակմանը:

Չու Դոնգյուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստ են ջանքեր գործադրել՝ առավել ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ: Չու Դոնգյուն իր խոսքում նշել է, որ մեծապես հետաքրքրված է Հայաստանով, Հայաստանի տնտեսական մոդելով և պատրաստակամորեն ջանքեր կգործադրի հայկական արտադրանքի խթանման հարթակներ ձևավորելու ուղղությամբ։

Կողմերը մեծապես կարևորել են գրավիչ ներդրումային միջավայրի առկայությունն ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների կիրառությունը գյուղատնտեսության տարբեր ուղղություններում։

Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել ՄԱԿ-ի Պարենի գյուղատնտեսության կազմակերպության և Հայաստանի համագործակցությունը, որը միտված է ներդրումների ու տնտեսական զարգացման համար պայմանների և համապատասխան միջավայրի ստեղծմանը։

Նմանատիպ նյութեր