211652_close_icon
views-count520 դիտում article-date 10:49 02-09-2024

Պատմության մեջ առաջին անգամ հայաթափված Արցախն ամբողջությամբ արտացոլում է մեր քաղաքական համակարգի ողջ թշվառությունն ու ինքնության աննախադեպ խորքային ճգնաժամը. Սուրեն Պետրոսյան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով

1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունմամբ, հայ ժողովուրդը սկիզբ դրեց ազգային ինքնության պահպանման, արժանապատիվ, անվտանգ և խաղաղ ապրելու համար մղվող պայքարի մի նոր փուլի։

Անկախության հռչակագիրը լոկ իրավական փաստաթուղթ չէր, որը վերաբերում էր միայն Արցախին, այն հավաքական ազգային վերածնունդի ազդարարումն էր։ Այն մեր բոլորիս ինքնության, կամքի և հավակնությունների արտացոլումն էր և հստակ որոշումը՝ ունենալ մեր արժանապատիվ տեղն ու դերը ձևավորվող նոր աշխարհակարգում։

Արցախն այսօր մեր քաղաքական համակարգի, ինքնության և կենսունակության ամենակատարյալ ցուցիչն է։

Պատմության մեջ առաջին անգամ հայաթափված Արցախն ամբողջությամբ արտացոլում է մեր քաղաքական համակարգի ողջ թշվառությունն ու ինքնության աննախադեպ խորքային ճգնաժամը։ Մի քաղաքական համակարգ, որտեղ անցնող տարիների ընթացքում այդպես էլ չձևավորվեց ազգային էլիտա, փոխարենը եղավ միայն վերնախավ, որին բնորոշ էր ՀՊԱՏԱԿԱՅԻՆ արտաքին քաղաքականությունը, իսկ ազգային ու պետական շահերն անձնականից և խմբայինից այն կողմ այդպես էլ չանցան։ Այդ քաղաքական համակարգում ձևավորված արժեքների, առաջնահերթությունների, և ընդհանրապես, իրականացված քաղաքականության որակի «պտուղը» ներկայիս իշխանությունն է։

Մեծագույն մոլորություն է, երբ այսօր փորձ է արվում ներկայիս իշխանությանն առանձնացնել նախկին իշխանություններից, դրանով խզելով պատճառահետևանքային կապը՝ ձևավորելով կեղծ իրականություն։

Արցախը կրկին կլինի հայկական միայն այն ժամանակ, երբ կձևավորվի Հայկական էլիտա։ Միայն այն կկարողանա ճեղքել նախկին և ներկա իշխանությունների կողմից փոխհամաձայնեցված գործող այս համակարգը և սկիզբ դնել Հայկական Պետության ձևավորմանը։

Բոլորիս խնդիրն այսօր մեկն է՝ ձևավորել հայկական էլիտա, հանուն մեր ինքնության պահպանման, հանուն Հայկական Պետության և հանուն Արցախի։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր