211652_close_icon
views-count1093 դիտում article-date 18:57 27-08-2024

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդն այցելել է ՀՀ քննչական կոմիտե

Օգոստոսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Հայաստանում գտնվող՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի(FBI)՝ Հայաստանում և Վրաստանում նորանշանակ իրավական կցորդ Ալեքսանդր Վ.Թիգույի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՔԿ-ից։

«Շնորհավորելով պարոն Թիգույին նշված պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Արսեն Այվազյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված ջերմ և արդյունավետ համագործակցությունը հաջողությամբ զարգացում կունենա՝ հաշվի առնելով պարոն Թիգույի նախընթաց գործունեության հարուստ փորձառությունը, ինչպես նաև՝ 2023թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրված համագործակցության հուշագրով ստեղծված հնարավորությունները, ինչը նոր մակարդակի է տեղափոխել երկու կառույցների հարաբերությունները։

Պարոն Ալեքսանդր Վ.Թիգույը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ երկու երկրների իրավապահ կառույցների միջև փոխգործակցությունը, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի հզորացմանն ուղղված համատեղ ծրագրերի հետագա իրականացումը էապես կխթանեն հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարում երկուստեք ներդրվող ջանքերը և կնպաստեն Հայաստանում քրեական արդարադատության զարգացմանը։

Հանդիպման ընթացքում պարոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանում քննչական համակարգի կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները, ՀՀ քննչական կոմիտեում բարեփոխումների ընթացքը։ 

Մտքեր են փոխանակվել արդեն իսկ ձևավորված հարուստ բազայի հենքին համագործակցությունը զարգացնելու նոր հնարավորությունների, ձևաչափերի շուրջ։ Կարևորվել է հանրային առանձնակի վտանգավորություն ունեցող հանցատեսակներով նախաքննության արդյունավետության բարձրացման, քրեական վարույթներով տեղեկատվության, փորձի փոխանակման գործընթացների շարունակումը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր