211652_close_icon
views-count86582 դիտում article-date 17:25 27-07-2024

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում. ճակատ-ճակատի բախվել են «Infiniti»-ն ու «Suzuki»-ն. կա 1 զոհ, 11 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում՝ Դիլիջան խոշորացված համայնքի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են «Infiniti» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Վիրավորներից մի քանիսը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների անձնական օգտագործման ավտոմեքենաներով:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, ծառայության ավագ տեսուչ Հայկ Մելիքսեթյանի և դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ:  

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանը:

Վթարի մասին ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային  քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը ՝օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Դիլիջանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 3-ը երեխաներ են, որոնց այս պահին տեղափոխում են Երևանի համապատասխան հիվանդանոցներ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր