211652_close_icon
views-count1138 դիտում article-date 21:03 26-07-2024

Ավարտվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը

Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին մասնակցել են շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ տարեցտարի ընդլայնվում է ծրագրի մասնակիցների աշխարհագրությունը. «Սփյուռքում կրթությամբ զբաղվելը առաքելություն է՝ ուղղված հայապահպանությանը, մարտահրավերների դիմակայմանը: Եվ այստեղ ձեր դերը շատ ենք կարևորում, որովհետև դուք պայքարի առաջնագծում եք»:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ Հայաստանում այժմ իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ կրթական բոլոր մակարդակներում՝ ապահովելու համընդհանուր կրթության հասանելիությունն ու բարձր որակը։ Ըստ նրա’ ձեռնարկվող քայլերը միտված են Հայաստանի կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը: Անդրադառնամով սփյուռքի ծրագրերին’ նա հատկապես կարևորել է դասագրքերի տրամադրումը, ուսուցիչների վերապատրաստումը, ուսուցիչների համաժողովը, համահայկական օլիմպիադայի կազմակերպումը, համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթը և այլն, որոնք ուղղված են սփյուռքում կրթության որակի ապահովմանը։ Որպես սփյուռքում իրականցվող ծրագրերի կարևոր նպատակադրում՝ Ա. Մարտիրոսյանը կարևորել է նաև Հայաստանի և հայկականի նկատմամբ հետաքրքրության աճի բարձրացմանը միտված ծրագրերը, օրինակ՝ Հայագիտական կենտրոնների ցանցի ընդլայնումը:

Նրա խոսքով՝ այսօր գործում է 15 հայագիտական կենտրոն 12 երկրում, և ինչպես տեղեկացրել է՝ առաջիկայում նախատեսվում է Եվրոպայի կենտրոններից մեկում անցկացնել կոնֆերանս՝ որոշակիացնելու հայագիտական ցանցային համալսարանի հեռանկարը:
Մասնակից ուսուցիչները ևս շնորհակալություն են հայտնել ծրագրին մասնակցելու հնարավորության, նոր գիտելիքով վերազինման, շարունակական ուշադրության համար և նշել, որ Հայաստանից գնում են նոր լիցքերով ու ոգևորվածությամբ։

Միջոցառման շրջանակում վերապատրաստված ուսուցիչները նախարարության կողմից ստացել են վկայագրեր:

Նշենք, որ դասընթացներին զուգահեռ՝ մասնակիցների հետ անցկացվել են նաև մի շարք հանդիպումներ, կազմակերպվել են ճանաչողական-ուսուցողական շրջայցեր:

Ծրագիրն իրականացրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը:

Նշենք, որ վերապատրաստման դասընթացներն իրականցվել են հուլիսի 1-ից 26-ը՝ հետևյալ 7 ծրագրով.

1. ուսուցում մանկապարտեզում,
2. ուսուցում մեկօրյա դպրոցում,
3. տարրական ուսուցում,
4. հայոց լեզվի և գրականության դասավանդում,
5. հայոց պատմություն և մշակույթի պատմություն,
6. պարարվեստ,
7. տնօրենների վերապատրաստում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր