211652_close_icon
views-count1084 դիտում article-date 20:03 24-07-2024

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի երիտասարդ ուխտավորներին

Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների ավագ խմբի անդամներին՝ ուղեկցությամբ Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հակոբ քահանա Գևորգյանի:

Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Հակոբը ներկայացրել է Մայր Աթոռ ժամանած երիտասարդներին՝ տեղեկացնելով, որ երիտասարդները Հայաստան են այցելել կամավորական ծրագրերին մասնակցելու համար, ինչպես նաև հաղորդակից լինելու հայրենիքի պատմամշակութային և հոգևոր ժառանգությանը։

Վեհափառ Հայրապետն իր ուրախությունն է հայտնել երիտասարդ հայորդիների Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` գոհունակությամբ հաստատելով, որ սփյուռքահայ հայորդիների մասնակցությունը տարբեր կամավորական աշխատանքներին ամրապնդում է նաև նրանց կապը հայրենիքի հետ և նպաստում հայրենասիրական ոգու զորացմանը։ Այս առիթով Վեհափառ Հայրապետը գնահատել է երիտասարդների ծառայանվիրումը` հորդորելով մշտապես իրենց կարողություններն ու հմտություններն ի սպաս դնել մարդասիրական ու բարեսիրական կամավորական ծրագրերին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիտասարդներին պատգամել է անխաթար պահել իրենց ազգային ինքնությունն ու հավատարմությունը նախնյաց արժեքներին և գործուն կերպով ներգրավվել ազգային-եկեղեցական կյանքում:

Նմանատիպ նյութեր