211652_close_icon
views-count76643 դիտում article-date 22:08 20-07-2024

Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոն է. ավտոմեքենայում հայտնաբերվել են կրակված պարկուճներ ու արնանման հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ  տեղեկություններ են ստացվել, որ Արամ Խաչատրյան 23 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկանյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների պետերը ճշտել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 38-ամյա Վարդան Դավթյանն է:

Դեպքի վայրից քիչ այն կողմ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են «Honda» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի նստատեղում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ ավտոեմեքենայի սրահում առկա են կրակոցի հետքեր:

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով սպանության փորձի հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորը Հայատսանի ծանրամարտի նախկին չեմպիոն է:

Լուսանկարներն  ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր