211652_close_icon
views-count1864 դիտում article-date 11:58 19-07-2024

Գողացել էր բարեկամի ողջ կարողությունն ու մեկնել խոպան․ Ախուրյանի ոստիկանության ուշագրավ բացահայտումը

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ Ախուրյանի ոստիկանությունը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ոտք դնելուն պես ձերբակալել է Քեթիի 35-ամյա բնակիչներից մեկին, որին կասկածել են իր բարեկամի տնից գողություն կատարելու մեջ։

Ընդ որում` տուժողները խուլ ու համր են, ունեն 3 անչափահաս երեխա։ Մայիսի 14-ին ոստիկանության Ախուրյան բաժին է դիմել Վահրամաբերդի բնակիչ Մ․Մ․-ն՝ տեղեկացնելով, որ փետրվար ամսից սկսած՝ մինչ այդ օրն անհայտ անձը հանել է հորաքրոջ տղայի՝ Վ․Մ․-ի տանիքի պատուհանի ապակին, մուտք է գործել տանիք և այնտեղից գողացել է 19 կտոր ոսկի՝ մատանիներ, թևնոցներ, ականջօղեր, կախազարդով շղթա, խաչեր՝ պատճառելով մոտ 1,5 միլիոն դրամի նյութական վնաս։

Անմիջապես դեպք վայր են մեկնել Ախուրյանի ոստիկանության բաժնի բոլոր աշխատակիցները՝ բաժնի պետ, գնդապետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ։ Տեղում օպերատիվ-հետախուզական մեծ աշխատանքներ են տարել, հարցաքննել են նաև բոլոր բարեկամներին, ու ոստիկանները հենց տեղում կասկած են հայտնել, որ գողության հեղինակը նրանց բարեկամն է՝ հորաքրոջ տղաներից մեկը։ Ոստիկանությունը ճշտել է, որ նա մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի։

Իսկ երկու օր առաջ Ախուրյանի ոստիկանները, օպերատիվ տվյալ ձեռք բերելով, որ վերադարձել է՝ նրան տնից ձերբակալել են։ Ախուրյանի ոստիկաններն անչափ հպարտ են այս բացահայտմամբ, այն համարում են պատվի հարց․ տուժողներն հաշմանդամություն ունեցող անձինք են, ովքեր իրենց ողջ կյանքում հողի հետ կռիվ են տվել, որպեսզի ընտանիքն արժանավայել ապրի։ Ի դեպ, գողության մեջ կասկածվողը ևս երեք անչափահաս երեխաներ ունի։

Նմանատիպ նյութեր