211652_close_icon
views-count70956 դիտում article-date 23:39 15-07-2024

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն, մի քանի մետր գլորվելով, հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ բոլորը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս․ պատկան մարմինները պետք է հետևություններ անեն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդի կողմից արդեն «մահաբեր» ճանապարհ անուն ստացած հատվածում, «Բոմբ» ակումբի հարևանությամբ, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում  մահացել է, 3 հոգի, որից մեկը 6-7 տարեկան տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի հատուկ փրկարարներն ու Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

Օպերատիվ են գործել նաև Աբովյանի և Բյուրեղավանի շտապ օգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բոլոր վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, տարբեր ուղղություններում և բոլորին պատգարակներով են մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ Այդ մասին ասում էին դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, այդ թվում օգնություն ցուցաբերողներ։

Մահացածի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 5 մետր հեռավորության վրա։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի և 1-ին վաշտ 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Հակոբ Սեկոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Սարգսյանն ու Արամ Արզումանյանը։

Այսքան շատ պարեկների ժամանումը կայանում է նրանում, քանի որ մինչ նրանց դեպքի վայր գալը հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին և ստեղծվել էր արհեստական խցանում, պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերոժ Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակիացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում հենց նույն վայրից մի քանի անգամ ավտոմեքենաներ են գլորվել ձորը և այս խնդիրը պետք է անհանգստացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, ով պետք է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին պարտավորեցնի, որպեսզի մասնագետների հետ քննարկեն, գտնեն լուծում, ինչը կնվազեցնի նշված հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։

Պատճառներից մեկը նաև այդ հատվածում խոտան, դարուփոս ճանապարհն է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր