211652_close_icon
views-count38033 դիտում article-date 21:02 24-04-2023

Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները ընտանիքի անդամներ էին, Porsche-ն մոտ 350 մետր գլորվելով հայտնվել էր ձորում. բոլորը հայտնաբերվել էին ավտոմեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է ապրիլի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է Porsche Cayenne-ն վարել է Հրազդան քաղաքի բնակիչ, 41-ամյա Արտակ Զորոյանը: 

Վթարի հետևանքով Ա. Զորոյանն ու նրա ուղևորուհի, Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Հասմիկ Զորոյանը՝ ով Ա. Զորոյանի դուստրն է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորուհիներ՝ Հրազդան քաղաքի բնակիչներ 61-ամյա Դուխիկ Գասպարյանն ու 37-ամյա Գայանե Թամրազյանը տեղում մահացել են: Մահացածներից մեկի դին մեծ դժվարությամբ մոտ 350 մ խորությամբ ձորակից դուրս են բերել փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները:

Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածներից մեկը Ա. Զորոյանի մայրն է, մյուսն էլ կինը: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հատնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 21-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում, Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 350 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, ում դին հայտնաբերվել էր ավտոմեքենայից դուրս՝ ձորում՝ մոտ 100 մ հեռավորության վրա։ Իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։ 3 վիրավորներին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել էին քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել էին տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանն ու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Սարգսյանը։ Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները՝ Սարգիս Բիձյանի և Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի գլխավորությամբ։ Փրկարարները մեծ դժվարությամբ՝ ճոպանի միջոցով, պարեկների հետ միասին դին դուրս էին բերել և մոտել դիատարին։ Մինչ փրկարարները դին էին դուրս բերում, «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ 

Վթարի վայր էր ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գրիգոր Դալլաքյանի և Հովհաննես Թաթոյանի գլխավորությամբ։ 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 226+
226+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր