211652_close_icon
views-count817 դիտում article-date 10:43 15-07-2024

Նա արդեն հաղթել է. Մեդվեդևը՝ Թրամփի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան ալիքում գրառում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ նախկին նախագահ, այս տարվա ընբտրությւոններում նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի վերաբերյալ:

«Նա արդեն հաղթել է, եթե նրան չսպանեն», - հակիրճ գրել է Մեդվեդևը և կից հրապարակել  Թրամփի բանտային լուսանկարը, որն արվել էր 2023 թվականի օգոստոսին, երբ ԱՄՆ նախկին նախագահը անցել է ձերբակալման պաշտոնական ընթացակարգը։
 
Նշենք, որ նախօրեին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, որոնք զրուցել են Politico թերթի հետ, կարծիք էին հայտնել, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Թրամփի հաղթելու շանսերը, նրա դեմ մահափորձից հետո, մեծացել են: Հանրապետականների մի մասը կարծում է, որ կատարվածը կամրապնդի նախկին նախագահին ընտրողների աջակցությունը, և նոյեմբերի ընտրություններում դա կտա իր արդյունքը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:

Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը:

«Ուրախ եմ լսել, որ նա ապահով է և իրեն լավ է զգում: Ես աղոթում եմ նրա և նրա ընտանիքի համար։ Ջիլը և ես երախտապարտ ենք Գաղտնի ծառայությանը նրան փրկելու համար: Ամերիկայում նման բռնության համար տեղ չկա։ Մեր ազգը պետք է միավորվի սա դատապարտելու համար»,- իր ուղերձում ասել է Բայդենը։

Նմանատիպ նյութեր