211652_close_icon
views-count1711 դիտում article-date 08:31 13-07-2024

Ինչ ունեցվածք ունի Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը․ ինչ է հասցրել կուտակել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը պաշտոնի նշանակվել է 2018 թվականի նոյեմբերին։ 2022 թվականի հունվարի 24-ին վերանշանակվել է նույն պաշտոնում:

Վարչական շրջանի ղեկավարի կենսագրականից տեղեկանում ենք, որ նա մինչ վարչական շրջանի ղեկավար դառնալը որևէ աշխատանք չի կատարել, ամբողջ կենսագրականում սովորել, ավարտել և ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ռազմիկ Մկրտչյանը 2023 թվականի հաշվետու տարվա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն, որը ձեռք է բերել 2021 թվականին միանձնյա սեփականությամբ Շենգավիթ վարչական շրջանում։

2022 թվականի հաշվետու տարվա հայտարարագրում նշված բնակարանը չկա, դրա փոխարեն կա 2 հողամաս ձեռք բերված 2021 թվականի օգոստոսի 27-ին Շենգավիթ վարչական շրջանում։
2021 թվականի հայտարարագրում հաշվետու տարվա ընթացքում ձեռք բերված գույքերի շարքում չկա անհատական բնակելի տուն։ Ավելին, 2021 թվականի տարեսկզբին Ռազմիկ Մկրտչյանը հայտարարագրել է 1 հողամաս։ Տարվա ընթացքում ձեռք է բերել ևս մեկ հողամաս 42 մլն դրամ արժողությամբ Արայիկ Հայրապետյանից։ Արդյունքում տարեվերջին ունեցել է 2 հողամաս և ոչ անհատական բնակելի տուն։

Տրանսպորտային միջոց վարչական շրջանի ղեկավարը չի հայտարարագրել։ Մկրտչյանը ոչ մի դրամական միջոց չի հայտարարագրել բացի տարեկան եկամուտներից․ նա տարեկան  8 մլն 582 հազար դրամ աշխատանքի վարձատրություն է ստացել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից։

Ռազմիկ Մկրտչյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է  26 մլն 236 հազար դրամ, որից 22 մլն 74 հազար դրամը հողամասի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, այդ պատճառով Մկրտչյանի հաշվետու տարվա եկամուտներում տեսնում ենք եկամուտ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից 2 մլն 28 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի սկզբունքով հիփոթեքի մայր գումարի մնացորդի մարման համար է։
2022 թվականի հաշվետու տարվա հայտարարագրում հիփոթեքի մայր գումարի մնացորդն ավելի քիչ է՝ 21 մլն 548 հազար դրամ, կասկածելի է, որ 2023 թվականին հիփոթեքի մայր գումարի մնացորդը մեկ տարի անց 1 միլիոն դրամով կրճատվելու փոխարեն 1 մլն դրամ ավելացել է։

Հիշեցնենք, որ դեռ 2020 թվականին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի անդամ Գևորգ Պողոսյանը ոստիկանությունում հաղորդում էր ներկայացրել, որ հունիսի 15-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, նրա տեղակալ Համլետ Գրիգորյանը և օգնական Անդրանիկ Մինասյանը ստիպել են իրեն աշխատանքից ազատման դիմում գրել: Նշել է, որ մերժում ստանալուց հետո Ռազմիկ Մկրտչյանը քաշքշել է իր հագուստից և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ապա երեքով ծեծի են ենթարկել իրեն, քաշել ու վայր են գցել հատակին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ավելի ուշ Ռազմիկ Մկրտչյանը գրել էր․

«Գ. Պողոսյանի հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործով իմ և մյուսների նկատմաբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին հանցակազմի բացակայության պատճառով:

Միաժամանակ հայտնում եմ, որ ես, որպես բարի կամքի դրսևորում, Գ. Պողոսյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ բողոք չեմ ներկայացնում»,- նշել էր Մկրտչյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր